Լրահոս

11.11.2013 23:40


Նաիրա Զոհրաբյան.

Նաիրա Զոհրաբյան.

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ

–Նոյեմբերի 10–ին Արարատում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին ի՞նչ գնահատական կտաք։

–Գնահատականը մե՛կն է՝ ընտրություններն անցան այնպես, ինչպես անցնում են վերջին շատ երկար տարիներին՝ Հայաստանի Հանրապետությունում։ Կլինի փոքր գյուղական համայնք, թե խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ։ Իշխանությունն իր ողջ ընտրառեսուրսը ուղղեց փոքր Արարատ քաղաք։ Կիրառեցին հնարավոր և անհնար ընտրական բոլոր տեխնոլոգիաները՝ ճնշումներ ընտրողների վրա, ուռճացված ընտրացուցակներ, ընտրակաշառք, հարակից գյուղերի գյուղապետերի SOS–մոբիլիզացիա հայտարարվեց։ Այսինքն, ինչին մենք ականատես ենք եղել վերջին տարիների բոլոր ընտրություններում, այդ ամբողջի ողջ ծաղկաբույլը տեղի ունեցավ Արարատ քաղաքում։

–Բայց հատկանշական է, որ անգամ նման ընտրական «պրեսինգի» արդյունքում՝ ՀՀԿ–ն ընդամենը 300 ձայնի առավալություն ստացավ ԲՀԿ–ի թեկնածուի հանդեպ։

–Այո՛, և եթե իշխանությունը գտնում է, որ դա աննախադեպ հաղթանակ էր՝ գրանցված իր հասցեին, ապա իրենք աննախադեպ հաղթողներ են, և ես ավելացնելու ոչինչ չունեմ։

–Պատրաստվո՞ւմ եք բողոքարկել ընտրության արդյունքները։

–Ո՛չ, և այդ հարցին պատասխանեմ արդեն թևավոր դարձած մի խոսքով՝ բողոքարկենք, որ ի՞նչ լինի։

–Չէ՞ որ այսպես փակուղի է ստացվում. մինչև ընտրություններ ընդդիմությունը պայքարում է, բայց քվեարկության ժամանակ իշխանությունը մեկ է իր սև գործն է անում, և էլի ոչինչ չի փոխվում։

–Մենք լրջագույն համակարգային փոփոխությունների պետք է գնանք, որովհետև համաձայն եմ ձեզ հետ, այսպես շարունակելն այլևս ուղղակիորեն փակուղի է։ Կարծում եմ, որ առողջ քաղաքական ուժերը պիտի անպայմանորեն համախմբվեն, սա միանշանա՛կ է։ Պիտի մշակեն միասնական քաղաքական օրակարգ, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ, որն իշխանություն չէ, բախվում է նույն խնդրին։ Արարատ քաղաքում նման տոտալ ճնշումների և ընտրախախտումների պայմաններում ստանալ 4200–ից ավելի քվե, որը ստացավ «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն՝ որևէ ընտրագործիք չօգտագործելով, մենք շատ բարձ ենք գնահատում։ Իրապես շնորհակալ ենք արարատցիներից՝ իրենց կատարած ընտրության համար։ Միաժամանակ, ես ցավում եմ, որ այսօր շատ մեծ է այն քաղաքացիների թիվը, ովքեր գնում են քվեարկելու գումարով, ովքեր գնում են, գումար վերցնում, բայց քեզանի՛ց են պահանջում, որ դու պայքարես իր ազատ ընտրության համար, քեզանի՛ց են պահանջում, որ դու պայքարես երկրում արդարություն և օրինականություն հաստատելու համար։ Այդպես չի՛ լինում։ Ես իհարկե չեմ ցանկանում մեղադրել նրանց՝ մարդիկ այդ 10 հազար դրամով իրենց ընտանիքի երկու օրվա հացի խնդիրն են լուծում։ Բայց այսպես չի լինում՝ չի՛ կարող քաղաքացին գնա, գումար վերցնի, քվեարկի գումարով և քաղաքան ուժերից պահանջի կոնսոլիդացիա։ Արդարության, ժողովրդավարության, ազատ ընտրությունների համար պայքարում պիտի բոլորս միավորվենք, և մեր հիմնական թիկունքը պիտի լինի ժողովուրդը։

–Բայց քաղաքացին էլ չէ՞ պիտի հասկանա, որ իշխանությունը երբեք չի բարելավի իր սոցիալական վիճակը, քանի որ աղքատ մարդու ձայնը շատ հեշտ է գնել։

–Ես դրա համար ասացի, որ քաղաքացին ևս պիտի միանա արդարության համար պայքարին։ Առանց քաղաքական ուժ–քաղաքացի կարևոր օղակի, ոչինչ չի լինի։ Այն քաղաքական ուժերը, որոնք հասկանում են՝ ցանկացած նման ընտրություն ուղղակիորեն թիկունքից դաշույնով հարված է երկրի ողնաշարին, ժողովրդի հետ համախմբված պիտի պայքարեն օրինականության և արդարության համար։ Եթե մի՛ օղակ այդտեղ թուլանում է, եթե մի՛ օղակ ընկրկում է, եթե մի՛ օղակ հետ է քաշվում, արդյունքը լինում է այնպես, ինչպես եղավ Արարատում, և ինչպես եղավ նախորդ բազմաթիվ ընտրությունների ժամանակ։

–Դուք խոսում եք կոնսոլիդացիայից, բայց, փաստորեն, Արարատում ականատես եղանք, որ ԲՀԿ–ին սատարեց միայն ՀԱԿ–ը։ Տեղեկություններ կան նաև, որ իրենց ընդդիմադիր հռչակած «Ժառանգությունն» ու ՀՅԴ–ն «տակից» աջակցում էին ՀՀԿ–ին։

–Ես չեմ կարծում, որ ձեր նշած քաղաքական ուժերը «տակից» էին աջակցում։ Որքան մենք ենք ականատես եղել, բավականին բացահայտ աջակցում էին իշխող կուսակցության թեկնածուին։ Թեև դա բացարձակ իրենց գործն է. յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր քաղաքական մարտավարությունը։ Բայց ես կրկնում եմ՝ պետք է լինի քաղաքական ուժերի լայն համախմբում, այն ուժերի, որոնք հասկանում են, որ երկիրը կանգնած է ուղղակիորեն աղետի առջև՝ բոլոր առումներով, և այս պայքարում պետք է ներգրավվի նաև ժողովուրդը։ Սա՛ պետք է գերխնդիր լինի յուրաքանչյուրիս համար, այդ գիտակցությո՛ւնը պիտի գերակայի։

–Փոփոխությունների հասնելը տեսնում եք միայն ընտրությա՞ն ճանապարհով։

–Փոփոխություններ պետք է արվեն քայլ առ քայլ, փոքր քայլերի հաջողությունը մեզ պիտի բերի մեծ քայլերի հանրագումարի։ Բայց անգամ ամենափոքր քայլի հաջողության հասնելու համար պետք է քաղաքական ուժերի լուրջ համախմբում։ Որովհետև անգամ ամենափոքր գյուղում հաղթանակը իշխանությունն իր համար վերածում է կյանքի և մահու պայքարի։ Անգամ 5–10 հոգանոց գյուղի գյուղապետի համար մրցապայքարը իշխանությունը վերածում է ի՛ր գոյության պայքարի։ Սա նորմալ չէ, սա նոնսենս է և կատարյալ փակուղի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը