Լրահոս

27.07.2009 18:03


Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը պատրաստ է։ Հիմքում եռանախագահների հայտարարությունն է

Կրակովում, հուլիսի 25-26-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը։ Այնտեղ համանախագահները պատրաստել են Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, ինչը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի գնահատմամբ՝ հիմք է ստեղծում ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները ավարտուն տեսքի հասցնելու համար։

Հուլիսի 27-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մեթյու Բրայզան, մասնավորապես, հայտնել է հետևյալը.

«Կրակովում համանախագահները արդյունավետ և ստեղծագործ քննարկումներ ունեցան։ Մենք ամենայն զգուշությամբ կշռադատեցինք 2007-ի նոյեմբերից՝ Մադրիդյան փաստաթղթի ներկայացումից ի վեր երկու կողմերի արտահայտած դիրքորոշումները։ Այնուհետև, հիմք ընդունելով 2009 թվականի հուլիսի 10-ին մեր երեք նախագահների հայտարարությամբ տրված ցուցումը, մենք պատրաստեցինք Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը»։

ԵԱՀԿ-ի համանախագահները երախտագիտություն են հայտնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, որոնց ջանքերի շնորհիվ հաջողվեց Մադրիդյան փաստաթղթի հիմքերը դնել։

«Մենք երախտապարտ ենք նախագահ Սարգսյանին և արտգործնախարար Նալբանդյանին այն զգալի առաջընթացի համար, որին հաջողվեց հասնել բարդ, բայց կառուցողական քննարկումների ընթացքում։ Դրա շնորհիվ մեզ հաջողվեց հետևում թողնել Մադրիդյան փաստաթուղթը։ Մենք այժմ հնարավորություն ունենք ավարտուն տեսքի հասցնել Հիմնարար սկզբունքները», - փոխանցել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։

«Ադրբեջանը նույնպես կառուցողական դիրքորոշում է ունեցել», - հավելել է Մեթյու Բրայզան.

«Թեև նախագահ Ալիևը և արտգործնախարար Մամեդյարովը պաշտպանում են իրենց ազգային շահը այնպես, ինչպես դա անում են նրանց հայաստանցի պաշտոնակիցները»։

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

Այս խորագրի վերջին նյութերը