Լրահոս

27.07.2009 18:03


Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպան Դրագան Ժուպանյևացը (նստավայրը՝ Աթենք):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին՝ պաշտոնը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նա իր ծանրակշիռ ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրներն ունեն տարբեր ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ և դրա արդյունավետ իրացման ուղղությամբ անհրաժեշտ են հստակ քայլեր: Այդ առումով նա մեծ կարևորություն է տվել Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի՝ վաղը մեկնարկելիք պաշտոնական այցին Հայաստան:

Շեշտելով հայ և սերբ ժողովուրդների պատմամշակութային բազմաթիվ ընդհանրություններն ու փոխադարձաբար ջերմ վերաբերմունքը միմյանց նկատմամբ՝ Հանրապետության նախագահը երախտագիտությամբ նշել է, որ հայ ժողովրդի համար դժվարին պահերին սերբ ժողովուրդը մշտապես աջակցության ձեռք է մեկնել.

«Մենք երբեք չենք մոռանա 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո աղետյալներին օգնության շտապող ավիավթարի զոհ դարձած հարավսլավացի օդաչուներին», -ընդգծել է երկրի ղեկավարը:

Հանրապետության նախագահն ու նորանշանակ դիվանագետը քննարկել են տնտեսական ու մշակութային կապերի ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի համալրման, միջխորհրդարանական կապերի աշխուժացման, միջազգային կառույցների շրջանակում փոխործակցության ակտիվացման հետ կապված հարցեր:

Դեսպան Ժուպանյևացը վստահեցրել է, որ կանի առավելագույնը՝ երկու երկրների միջև համակողմանի փոխգործակցության զարգացման համար:

Այս խորագրի վերջին նյութերը