Լրահոս

14.11.2013 14:50


Գյումրիի մոտակայքում բեռնատար վագոնների վթարի պատճառները դեռ չեն պարզվել (տեսանյութ)

Գյումրիի մոտակայքում բեռնատար վագոնների վթարի պատճառները դեռ չեն պարզվել (տեսանյութ)

Հարցազրույց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վահե Դավթյանի հետ

–Վերջնականապես պարզվե՞լ են այս նոյեմբերի 10–ին բենզին և ցորեն տեղափոխող բեռնատար վագոնների՝ Դալարիկ–Քարակերտ հատվածում գծից դուրս գալու և բռնկվելու պատճառները։

Դեռ ոչ, հանձնաժողով է ստեղծվել, որը դեռ ուսումնասիրում է։ Կարծում եմ՝ եկող շաբաթվա ընթացքում հանձնաժողովը վերջնական եզրահանգման կգա։

–Նման դեպքերը պարբերաբար կրկնվում են, չնայած «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ն հայտարարում է, որ շարունակ ներդրումներ է կատարում։ Փաստորեն, կարելի՞ է ասել, որ համակարգը չի արդիականացվում, և այդ ներդրումները նպատակին չեն հասնում։

–Չի կարելի նման հարցադրում կարատել, որովհետև գոյություն ունի վիճակագրություն։ Ես ուղղակի 2 թիվ ձեզ կներկայացնեմ, որն էլ կլինի ձեր հարցի ամբողջական պատասխանը։ 2008 թվականին, երբ Հայաստանի երկաթուղային համակարգը կոնցենսիոն կառավարման հանձնվեց «Հարավկովկասյան երկաթուղիներ»–ին, նմանատիպ վթարների քանակը գերազանցում էր 300–ը։ Իսկ ահա 2012թ. եղել է նման 5 դեպք։ Իհարկե, վերջին ժամանակահատվածում այսքան կրկնվող դեպքերն, անշուշտ, մեզ էլ են անհանգստացնում, և այժմ ծառայողական քննություն է անցկացվում, որից հետո մենք անպայման համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք։

–2012–ին համակարգում որքա՞ն ներդրում է կատարել ընկերությունը։

–1.1 մլրդ ռուբլի։ Մոտավորապես նույնքան եղել է նաև 2011–ին։ Իսկ այս տարվա ներդրումային ծրագիրը, որն իրականացման փուլում է գտնվում, կազմում է մոտ 600 մլն ռուբլի։

–Ինչո՞ւ է 2013թ. երկու անգամ կրճատվել։

–Քանի որ ենթակառուցվածքի մեծ մասը, որտեղով իրականացվում են հիմնական բեռնափոխադրումները, արդեն վերականգնվել են և համապատասխանում են այն նորմերին, որոնցով կարելի է ապահովել անվտանգ բեռնափոխադրումները։

–Իսկ ի՞նչ է անհրաժեշտ նմանօրինակ վթարների կրկնությունը բացառելու համար։

–Գիտեք, սա երթևեկություն է, արագությունները բարձրացել են 2008–ից ի վեր մոտ 5 անգամ, և, բնականաբար, այդ արագությանը համապատասխանելու համար վերականգնվում է ենթակառուցվածքը, մասնավորապես երկաթուղային գծերը։ Ամբողջությամբ բացառել նման արտակարգ պատահարները հնարավոր չէ, քանի որ նույնիսկ աշխարհի ամենազարգացած ենթակառուցվածքներում նմանատիպ դեպքեր տեղի են ունենում։ Սակայն այն, որ դրանք հասցվել է մինիմումի, ակնհայտ է, և դրա մասին վկայում են մեր վիճակագրական տվյալները։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը