Լրահոս

14.11.2013 14:25


Արամ Մանուկյան. «Սոցիալական բունտից իշխանությանը փրկում են տրանսֆերտները»

Արամ Մանուկյան. «Սոցիալական բունտից իշխանությանը փրկում են տրանսֆերտները»

Հարցազրույց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ

–Գործող կառավարությունն ի վիճակի՞ է կյանքի կոչել 2014թ. պետական բյուջեում տված իր խոստումները։

–Իհա՛րկե ոչ։ Ի դեպ, եթե լավ հաշվեին, կարելի էր այս բյուջեից 2–3 անգամ ավելին ունենալ։ Բայց անգամ այս համեստ, զսպողական բյուջեն իրենք չեն կարողանալու կատարել։

–Ինչո՞ւ։

–Շատ պարզ պատճառով։ Բյուջեն ձևավորվում է հարկերից և տուրքերից։ Հայաստանում հարկեր և տուրքեր մուծողները ֆիզիկապես սկսում են բացակայել երկրից։ Քչանում է փոքր բիզնեսը, քչանում են արտադրողները, ներդրումները, պակասում է բիզնես դնելու վստահությունը, քանի որ ռիսկերը գնալով ավելանում են։ Եվ երկրորդ՝ մեծ քանակով քչանում են սպառողները։ Միայն այս տարի, պաշտոնական տվյալներով, 125 հազար մարդ հեռացել է Հայաստանից։ Դա նշանակում է, որ այդքան մարդ լույս չի վառելու, հաց չի ուտելու, տրանսպորտ չի նստելու։ Էլ չեմ ասում, որ նրանց թվում շատ գործարարներ կան։ Այսինքն, Հայաստանից դուրս է գալիս մարդկային ռեսուրսը, որը կարող ենք դիտարկել և՛ որպես սպառողների, և՛ որպես արտադրողների։ Իսկ որքան պակասում է մարդկային ռեսուրսը, այնքան քչանում են բյուջեի մուտքերը։

–Կառավարությունն ուտոպի՞ստ է, այդքանը չի՞ հասկանում, թե՞ միտումնավոր նման քաղաքականություն է իրականացնում։

–Իսկ իրենք ի՞նչ պետք է անեն։ Պետք է թվեր ցույց տան և հայտարարեն, թե այս տարի ավելի լավ է լինելու, քան նախորդ տարի՝ շատ լավ իմանալով, որ չեն կարողանալու դա իրականացնել։ Հետո այնպիսի գործոններ կան, որոնցից իրենք չեն կարող խուսափել։ Արտաքին ներդրումներ չկա՛ն, կտրուկ նվազել են։ Հայաստանը դրսից գրավիչ չէ, մարդը բիզնես չի բերում Հայաստանում դնի։ Հաջորդն էլ գնաճն է։ Ինչքան էլ իրենք թիվ ցույց տան, գնաճն ավելի առաջընթաց տեմպերով է գնում, քան իրենց թվերն են։ Ընդհանուր առմամբ, իրենք կարող են բյուջեն թվերով աճ ցույց տալ, բայց քաղաքացու վրա դա ունենալու է բացասական ազդեցություն։

–Բայց հայտարարում են, որ թոշակները բարձրացնելու են։

–Էլեմենտար բան ասեմ։ Եթե իրենք հպարտանում են, որ թոշակը միջինը 15%–ով պետք է ավելանա, նշանակում է՝ 30–40 հազար դրամ ստացող թոշակառուն հիմա ստանալու է 35–45 հազար դրամ։ Ստացվեց, որ 4–5 հազար դրամով ավելացավ եկամուտը, բայց համեմատե՛ք այն մուծումների հետ, որոնք նա պետք է անի գազի համար, որը թանկացել է 30%–ով, էլեկտրականության համար, որը թանկացել է 20%–ով, և գների համար, որոնք ավելանում են երկրաչափական պրոգրեսիայով։ Ստացվում է, որ իրենց տված 4–5 հազար դրամը քաղաքացու քթից են հանելու՝ նրանից հնգապատիկը վերցնելով։

–Լավ, որքա՞ն կարող են ձգել այս զսպանակը։ Կարո՞ղ է դա հանգեցնել սոցիալական բունտի։

–Սոցիալական բունտ չի առաջանում, ինչից կառավարությանն ուղղակի փրկում են տրանսֆերտները։ ՀՀ–ն, պաշտոնական գրանցված տվյալներով, ստանում է 1,7 մլրդ դոլար տրանսֆերտ։ Վստահ եղեք, որ այդ թիվը կարելի է հանգիստ կրկնապատկել, որովհետև կոնկրետ գումարներ գալիս են մարդկա՛նց միջոցով։ Այսինքն, մարդը գնացել է խոպան, աշնանը կամ Նոր տարուց առաջ հետը բերում է 1000 դոլար։

–Փաստորեն, պարադոքսալ իրավիճակ է. երկրից արտագաղթ է տեղի ունենում, ինչը նպաստում է սպառման քանակի նվազմանը, բայց, միաժամանակ, այդ արտագաղթածների տրանսֆերտների շնորհիվ լցվում է պետբյուջեն։

Այո՛, և հենց այդ տրանսֆերտների արդյունքում քաղաքացին չի մահանում, 30 հազար թոշակ ստանալով՝ տարօրինակ ձևով ապրում է և չի ըմբոստանում։

–Այսինքն, արտագաղթն ինչ–որ առումով կառավարության փրկօղա՞կն է։

–Արտագաղթից առաջացած տրանսֆերտների գումարն, այո՛, ուղղակի փրկում է կառավարությանը։ Սփյուռքից և արտագնա աշխատանքի գնացած բարեկամների ուղարկած գումարները սոցիալական պայթյունը կանխարգելում են Հայաստանում։ Կառավարությունն էլ դրանից մի բան էլ շահում է, որովհետև եկած գումարը դառնում է շաքար, կոշիկ, լույս և այլն։ Այսինքն, իրենք օդից բյուջե են լցնում։

–Կարելի՞ է ենթադրել, որ կառավարությունը միտումնավոր է նպաստում արտագաղթի տեմպերի ավելացմանը, որպեսզի առանց ջանք գործադրելու՝ լցնի բյուջեն։

–Գիտեք, եթե իրենք մի քիչ խելք ունենային, կնպաստեին բիզնեսի զարգացմանը, քանի որ դա նշանակում է շատ հարկեր և տուրքեր, մեծ բյուջե, իրենց հոգեբանությամբ՝ ատկատ անելու, բյուջեից գողանալու մեծ միջոց, վարկերի տրամադրում և այլն։ Հետո նաև, ինչքան շատ լինի շրջապտույտը, իշխանավորն ու պաշտոնյան, որը հակված է կաշառք վերցնելու կամ ատկատ անելու, շատ կանի։ Բայց դրա համա՛ր էլ է ջանք պետք։ Իսկ իրենք մտածում են՝ այսօր ինչքան կարող ենք՝ գռփենք, վաղը թեկուզ ջրհեղեղ թող լինի։ Միայն Երևանում մեկ տարվա ընթացքում 1000 խանութ է փակվել։ Իսկ իշխանությունն արտագաղթի դեմ ոչինչ չի անում. հակառակը՝ հեռուստատեսությամբ մի բան էլ գովազդում են հարմարավետ և էժան ավտոբուսներով Ռուսաստան տեղափոխելը և արտագաղթին նպաստող պայմանները։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը