Տնտեսական

16.11.2013 17:00


Երկաթգծում տեղի ունեցած վթարին ու ՀԿԵ գործունեությանն անդրադարձել են «Ֆլեշ» և «CPS» ընկերությունները (տեսանյութ)

Երկաթգծում տեղի ունեցած վթարին ու ՀԿԵ գործունեությանն անդրադարձել են «Ֆլեշ» և «CPS» ընկերությունները (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, խոշոր վթար էր տեղի ունեցել երկաթգծի Դալարիկ–Քարակերտ հատվածում։ Գծից դուրս են եկել բեռնատար վագոնները, որոնք տեղափոխում էին բենզին և ցորեն։ Վթարի հետևանքով այրվել են բենզինով լի մի քանի վագոններ։ Կրակն այնքան հզոր է եղել, որ նույնիսկ Արմավիրի կողմից էր տեսանելի այն։ Այնտեղի բնակիչների խոքերով՝ կրակի արդյունքում Արմավիրում գիշերվա ժամին ցերեկվա տպավորություն է ստեղծվել։

Հրդեհի բռնկումից միայն մի քանի ժամ անց է հնարավոր եղել մարել կրակը։ Վնասի չափերը ճշտվում են։

«Հարավկովկասյան երկաթուղու» ներկայացուցչի խոսքերով, իրենք առայժմ չեն կարողացել ճշտել հրդեհի պատճառները։

«7 օրը» փորձել է Հայաստան վառելիք ներկրող խոշոր կազմակերպություններ հանդիսացող «Ֆլեշից» ու «CPS»–ից ճշտել, թե ում է պատճառվել վնասն ու ընդհանրապես իրենք ինչ կարծիքի են ՀԿԵ գործունեության վերաբերյալ։

«Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանը նշեց, որ հիշյալ վթարից իրենց կազմակերպությունը չի տուժել։

«Դա մեզ պատկանող վառելիքը չէր»,– նշել է խաչատրյանը։

–Ամիսներ առաջ, երբ ձեր ընկերության վառելիքով ցիստեռների հետ վթար տեղի ունեցավ «Հարավկովկասյան երկաթուղիները» փոխհատուցե՞ց վնասը։

–Վթարը՝ որպես պայթյուն, բան, չի եղել։ Բայց եղել ա, որ, ասենք, «սխոդ» ա եղել՝ դուրս ա եկել գծերից, ու մի մասը թափվել ա, բան։ Եղել ա տենց բաներ,– ասաց «Ֆլեշի» տնօրենը։

–Այդ վնասների համար ձեզ փոխհատուցե՞լ է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը։

–Այո՛, նորմալ, ժամանակին, ի՞նչ է եղել։ Որ պետք ա «պերեվոզկա» անեին, փոխադրման գումար չէինք տալիս, դրա դիմաց։ Տարբերություն չկա, ի՞նչ տարբերություն։

–Իսկ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գործունեությունից գո՞հ եք։ Ասում են, որ ներդրումներ են կատարում և համակարգն արդիականացնում, բայց տեսնում ենք, որ վթարներ են տեղի ունենում։

–Ես չեմ կարող դա ասել, էլի։ Ես ի զորու չեմ դա ասելու։ Ինձ ո՛չ տաք է, ո՛չ սառը։

–Այսի՞նքն։

–Իմ ասածները, իմ ուզածները...ինչ–որ բաներ, որ խանգարում է, ես կարողանում եմ անել։ Ընենց որ, ես ստեղ խնդիր չունեմ։ Ինձ խանգարող բան չկա։ Եթե ինչ–որ ներքին օղակներ ուզում են խանգարեն, չեն կարողանում, որովհետև ես կարողանում եմ ժամանակին լուծել՝ տեղը տեղին։ Նենց որ, ես խնդիրներ չեմ ունենում իրանց հետ, երբե՛ք։

–Ի՞նչ միջոցներով և ձևերով եք լուծում խնդիրները։

–Սովորական, բարիդրացիական՝ բացատրում եմ, իրանք էլ հասկանում են, չի հասնում, էլի, դատարաններին, չգիտեմ ինչ։ Ես իրանց հետ երբեք խնդիր չեմ ունեցել։ Ես մնացածների մասին չեմ կարող ասել՝ մնացածների հարաբերությունները ոնց են իրանց հետ, բայց իմ հարաբերություններն իրանց հետ շատ նորմալ, բարիդրացիական, կարելի է ասել՝ «դաժե» ընկերական՝ իրար հասկանալով, էլի։ Ո՛չ մենք ենք ուզում սխալներ թույլ տալ, ո՛չ էլ իրանք են ուզում։ Եթե կարող են, ասենք, մի 2–3 ամսում փոխհատուցել, ի՞նչ իմաստ ունի դատի տանք, որ միանգամից փոխհատուցեն։ Վերջապես, մարդ են, վնասներ ամեն մեկի մոտ էլ լինում ա։

–Այսինքն ի վերջո փոխհատուցո՞ւմ են։

–Չեն կարող չփոխհատուցել։ Եթե Այրումից մինչև որևէ կայարան որ վագոնները որ պլանավորված ա, պիտի գան, Աստված ոչ անի, ըտենց դեպքեր ա պատահում, իրանք միշտ հատուցում են և պարտավոր են հատուցելու։ Պայմանագրերը նենց ա, որ իրանք պարտավոր են հատուցելու։ Մենք հատուկ ապահովագրություններ չենք անում դրա համար։

Ի՞նչ եք կարծում, իսկ կառավարությունը նորմալ վերահսկո՞ւմ է կոնցենսիոն պատրավորություններ ստանձնած այդ ընկերության գործունեությունը։

–Ես չեմ կարա էդքան բանն ասել,– մեր զրույցի վերջում նշեց Խաչատրյանը։

Հրդեհի արդյունքում տուժած «CPS» ընկերության գլխավոր հաշվապահ Յուրա Եղոյանից տեղեկացանք, որ վնասի չափերը շատ են, բայց դեռ փոխհատուցում չեն ստացել ՀԿԵ–ից։ Այս պահին իրենք բանակցային գործընթացի մեջ են բեռնափոխադրում իրականացնող կազմակերպության հետ։

–Իսկ շա՞տ են լինում նման վթարային դեպքերը,– հետաքրքրվեցինք Եղոյանից։

–Հրդեհները հաճախակի երևույթներ չեն (համենայնդեպս մեր մասով կարող եմ դա ասել), բայց երկաթգծային պատահարները «սխոդի» և այլնի տեսքով լինում են։

–Այսինքն ռուսական կողմի ներդրումները նպատակայի՞ն չեն։ Գծերի վերանորոգում չի՞ իրականացվում։

–Հայաստանի կառավարության պարտականությունն է հետևել կոնցենսիոների գործունեությանն ու ներդրումների արդյունավետությունը գնահատել ըստ արդյունքների։ Այնպես որ այդ հարցի պատասխանը ավելի կոմպետենտ ձևով կարող է տալ կառավարությունը,– նշեց Եղոյանը։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը