Մեկնաբանություն

16.11.2013 00:38


Պարտադիր ուղարկել գրողի ծոցը

Պարտադիր ուղարկել գրողի ծոցը

Ողջ օրն հագեցած էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու դեմ բողոքի գործողություններով: Իսկ իշխանությունները հերթական քեֆի մեջ էին կամ պատրաստվում էին դրան։

Այս երկրում ոչ մի կամավոր բան չկա, ամեն ինչ պարտադիր է, պարտադրողն էլ, պարզ է՝ իշխանությունն է:

Առանց պայմանագրի իշխանությունները պարտադիր բարձրացրին գազի սակագինը, առանց հիմնավորման պարտադիր բարձրացրին ուսման վարձավճարները, առանց հաշվի առնելու աղքատության բարձր ցուցանիշը՝ պարտադիր վերացրին նպաստները, պարտադիր գնաճ է արձանագրվում, կոռուպցիան ու «ատկատները» պարտադիր պետք է լինեն, ինչպես նաեւ՝ պարտադիր պետք է տնտեսությունը մինչեւ վերջ կործանվի եւ պարտադիր պետք է արտագաղթը շարունակվի:

Եվ այս ամենը պարտադիր պետք է լինի ի շահ իշխանությունների:

Դե, հիմա էլ որոշել են հունվարից պարտադիր մտնել ժողովրդի գրպանը, ամեն ամիս աշխատավարձերից պահել 5 տոկոս, որ իբր 20 տարի հետո մարդկանց ծերությունն «ապահով» լինի:

Այստեղ են ասել՝ «էշ մի սատկի՝ գարուն կգա»: Էլ չենք խոսում երաշխիքների մասին: Դրանք չափազանց մշուշոտ են, եթե չասենք՝ որպես այդպիսին, չկան էլ երաշխիքներ: Եթե մանավանդ հաշվի առնենք գործող իշխանությունների ախորժակը, որ իսկապես «քարից հաց քամող», օ՛հ, ներեցեք՝ «ժողովրդից հաց քամող» անկուշտ գազաններ են:

Հավաքելու են աշխատավարձերից պարտադիր պահվող 5 տոկոսները, լցնելու են բյուջեն, իսկ հետո այդ գումարները «ատկատների» ձեւով լափելու են, իսկ տարիներ անց կարող է պարզվել, որ կենսաթոշակայինին տրված գումարները հայտնվել են հեռավոր օֆշորներում կամ մոտակա կազինոներում:

20 տարի հետո… «Մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» տրամաբանությամբ ապրող օրվա իշխանությանը հազիվ թե դա հետաքրքրում է:

Կարեւորն այսօր իշխանավորները հասցնեն քերթել ժողովրդին եւ այդ միջոցով պարտադիր կուտակեն անձնական կարողություն եւ հարստություն:

Պարտադիր ունեզրկումը վերաբերում է ժողովրդին, իսկ պարտադիր քեֆ-ուրախությունը՝ իշխանությանը:

Ահա ողջ այս համակարգի ներդրման եւ ընդհանրապես մնացած բոլոր «բարեշրջումների փիլիսոփայությունը»:

Ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի կառավարման «փիլիսոփայությունը», որտեղ ժողովրդի կամք ասվածը, ժողովրդի ցանկությամբ առաջնորդվելու եւ որոշումներ ընդունելու մոտեցումը բացառված է:

Բոլորը պետք է պարտադիր հպատակվեն «միահեծան, գոռոզ ցարին» եւ կատարեն նրա հրամանները:

Իսկ «ցարն» էլ հերթական հակաժողովրդական որոշումն ընդունելուց հետո շքախմբի հետ պետք է գնա ու պարի հերթական հարսանիքում կամ «հետընտրական» քեֆում:

Ինչ է մնում անել այսքանից հետո: Ոչ թե պահանջել, որ օրենքից հանվի պարտադիր բաղադրիչը, այլ «հարսանքավորներին» ու «քեֆչիներին» պարտադիր ուղարկել գրողի ծոցը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը