Մեկնաբանություն

16.11.2013 12:48


Հայաստանի ինքնիշխանությունը և Շավարշ Քոչարյանի աթոռը

Հայաստանի ինքնիշխանությունը և Շավարշ Քոչարյանի աթոռը

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն ասել է, որ ՄՄ–ին միանալու դեպքում Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը:

Դեսպանը նորություն չի ասել։ Ամբողջ աշխարհում էլ այդպես է։

Եթե, օրինակ, Սերժ և Տիգրան Սարգսյանները որոշեին անդամակցել իսլամական երկրների միությանը, ապա այդ դեպքում նույնպես ՀՀ–ն կկորցներ իր ինքնիշխանության մի մասը (փոխարենը Սերժն ու Տիգրանը վերջապես կգտնեին իրենց տեղը)։

Անգամ անհատների մակարդակում է միության ստեղծումը որոշակի հետևանքներ առաջացնում։ Մարդիկ էլ ամուսնանալիս ինքնիշխանության որոշակի կորուստ են ունենում, բայց դա գիտակցված ու ցանկալի կորուստ է, եթե, իհարկե, կողմերը փոխադարձ սիրո վրա են հիմնել իրենց միությունը։

Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումն ակնհայտորեն սիրո վրա չէ հիմնված։

Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ աշխարհաքաղաքական «բոմժություն» էր անում և բոլորին «այո» էր ասում։ Արդյունքը եղավ այն, որ Արևմուտքում Հայաստանը կորցրեց իր վստահությունը, իսկ Մոսկվայում՝ արժանապատվությունը։ Մեզ հիմա չեն ընդունում Բրյուսելում և չեն հարգում Մոսկվայում։ Ահա՛ ենիչերական ֆունկցիա կատարող դավիթշահնազարյանների կողմից ողջունված քաղաքականության արդյունքները։

Այս ամենի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն, բնականաբար, Սերժ Սարգսյանն է։ Եվ ծիծաղելի են Բաղրամյան 26–ի «դհոլների» հակառուսական հիստերիայի դրսևորումները։ Որքան էլ դրանք փորձեն «պետպատվերով» Հայաստանի դարդը լացել և ՄՄ մտնելու համար պահանջել Պուտինի հրաժարականը («մոռանալով» Մաքսային միություն մտնելու որոշում կայացրած Սերժ Սարգսյանի մասին), միևնույն է, ամեն ինչ շատ հստակ է։

Երկրորդ կարծիք լինել չի՛ կարող. Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունն» է Հայաստանի նվաստացման պատճառը։ Նրա հետ միասին պատասխանատու են նաև այն «արևմտամետները», ովքեր գովերգում էին Սերժի քայլերն, ու վերջնարդյունքում Հայաստանը տարան դեպի Գյուլիստան։

Ի դեպ, ՄՄ մտնելու հետևանքով ինքնիշխանության կորստի մասին էր խոսում նաև տխրահռչակ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ այդ թեզը ներկայացնելով որպես փաստարկ, թե ինչու պետք է Հայաստանը չմիանա Մաքսային միությանն ու գնա ԵՄ–ի հետ ասոցացման ճանապարհով։

Շավարշն իր այս մտքերի համար «անկախ» լրատվամիջոցների և մասնավորապես թուրքական լրտեսի էնտուզիազմով աշխատող մի ղարաբաղցի ռենեգատի կողմից նույնիսկ արժանացավ ազգային հերոսի կոչման։ Խոսվում էր այն մասին, որ նախկին ընդդիմադիր Շավարշը «բեզ պիծի մինուտ» արտգործնախարար է։ Դա մինչև սեպտեմբերի 3–ն էր։

Սեպտեմբերի 3–ից հետո, սակայն, «արևմտամետ» Շավարշ Քոչարյանը, Սերժ և Տիգրան Սարգսյանների հանգույն, դարձել է մոլի «ռուսամոլ»՝ ներգրավվելով ՀՀ–ՄՄ ինտեգրմանը նպաստող կառավարական հանձնաժողովի աշխատանքներում։

Փաստորեն, Շավարշն առանց ամաչելու կառչած մնաց իր աթոռից՝ այդպիսով ապացուցելով, որ իր «եվրոպամետությունը» զուտ կոնյունկտուրային բնույթ է կրել այնպես, ինչպես «արևմտամետ» Սերժի ու Տիգրանի պարագայում էր։

Ինչ վերաբերում է ՀՀ–ում ՌԴ դեսպանի ասածին, ապա նա շատ մեղմ է արտահայտվել ու մնացել է դիվանագիտական էթիկայի սահմաններում։ Քանզի Սերժ Սարգսյանի՝ Գյուլիստանի պայմանագրին հավատարմություն հայտնելուց ու Զորի Գայկովիչի միջոցով Պուտինին անսահմանորեն քծնելուց հետո Վոլինկինը կարող էր ՀՀ ինքնիշխանության թեմայով լրիվ այլ ձևակերպումներ օգտագործել։ Քանի դեռ Սերժը մնում է նախագահի աթոռին, ամեն ինչ էլ հնարավոր է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը