Լրահոս

28.07.2009 16:46


Խոսրով Հարությունյան. «Մենք նկատում ենք արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրների քաղաքական շահարկում»

Խոսրով Հարությունյան. «Մենք նկատում ենք արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրների քաղաքական  շահարկում»

-Ես երբևէ պասիվ չեմ եղել և չեմ լինի։ Մյուսների մասով կարող եմ ասել, որ ես որևիցե մեկի քաղաքական վարքագիծը մեկնաբանել չեմ պատրաստվում,-այսպես  է պատասխանել «Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միավորում» կուսակցության առաջնորդ Խոսրով Հարությունյանը հարցին, թե քաղաքական և տարածաշրջանային այսպիսի զարգացումներում ո՞րն է հայաստանյան կուսակցությունների տեղն ու նշանակությունը։

Նույն հարցի վերաբերյալ քաղաքական գործիչն ասել է նաև. «Մենք նկատում ենք արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրների քաղաքական  շահարկում, ընդ որում՝ անթաքույց»։

-Կարծում եմ ՝ սա ամենավտանգավորն է, որ  մենք պետք է արձանագրենք։ Դրա հետևանքով մենք արժեզրկում ենք պրոբլեմը մեր հանրային գիտակցության մեջ։ Նման շահարկումները կոնֆլիկտի քաղաքական, աշխարհաքաղաքական, նաև մեր ժողովրդի ապագայի նկատմամբ կարևորությունը էապես նվազեցնում են, և, ինչու չէ, նաև բթացնում մեր  հանրային զգոնությունը։

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ «սա այն հարցը չէ, որ մենք մեզ այդպիսի շռայլություն թույլ տանք։ Հայաստանն այդպիսի ռեսուրս չունի, որ այդչափ շռայլի իրեն»։

-Իհարկե, սա հեռու գնացող մեկնաբանություններ է ենթադրում, որովհետև սրա պատասխաններն էլ մենք ունենք։ Երբ որևէ քաղաքական ուժ իր հիմնական խնդիրը տեսնում է իշխանության գալը, հետևաբար նպատակը սկսում է միջոցներն արդարացնել։ Հետևաբար, ցանկացած միջոցով իշխանության հասնելը դառնում է արդարացված։ Մինչդեռ որևէ քաղաքական կուսակցության հիմնական առաքելությունը պետք է լինի, նախ և առաջ, հանրային կյանքում առողջ, որակյալ, բովանդակային քաղաքական գործընթացների գեներացումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը