Մեկնաբանություն

18.11.2013 21:05


Ինչպես էր Սերժ Սարգսյանը աչքերը փակ «կարդում» և «ուշադիր լսում». նոր ապացույցներ (տեսանյութ)

Ինչպես էր Սերժ Սարգսյանը աչքերը փակ «կարդում» և «ուշադիր լսում». նոր ապացույցներ (տեսանյութ)

Երբ բելառուսական «ОНТ» հեռուստաընկերությունը Մինսկում անցկացված ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի քնած կադրը տեղադրել էր իր ռեպորտաժում, իշխանամերձ տիրույթից նախ ասացին, որ Սարգսյանը ոչ թե քնած է, այլ ուշադիր լսում է։ Դա Շարմազանովի օպերատիվ արձագանքն էր։

Հետո շրջանառության մեջ դրվեց ավելի «կրեատիվ» վարկած՝ «ընթերցանության» վարկածը։ Ու թեև պարզից էլ պարզ էր, որ նա իրոք քնած է, բայց իշխանության քարոզչամեքենան, սովորության համաձայն, որոշեց հերթական անգամ սևը սպիտակի տեղ անցկացնել, ու պնդել, թե մենք անչափ ընթերցասեր նախագահ ունենք, այնքան ընթերցասեր, որ գագաթաժողով–մագաթաժողով թողած՝ խորացել է ընթերցանության մեջ։

«Շրջանառվող կադրում նախագահն ընթերցում է: Մնացածն օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է»,-Twitter-ի իր էջում շտապեց համոզել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:

Բայց եթե անգամ փորձենք հավատալ, ապա կստացվի, որ այդ գագաթաժողովը նկարահանած բոլո՛ր օպերատորների դիտանկյունն է ոչ պրոֆեսիոնալ։ Մասնավորապես, «mir24.tv»–ն տեղադրել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի ուղիղ հեռարձակման ամբողջական՝ 56–րոպեանոց տեսագրություն (տե՛ս կից տեսանյութը կամ տեսանյութին ծանոթացիր այս հղումով Եվ ահա, դրանից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն մի կադրում և մեկ անգամ է նիրհել, այլ բազում անգամներ։

Սարգսյանն առաջին անգամ հայտնվում է տեսանյութի 04։40–րդ րոպեին։ Ամեն ինչ դեռ նորմալ է, բոլորն արթուն են։ Բայց ահա 06։56–րդ րոպեին ցուցադրվում է մեզ ծանոթ տեսարանը, երբ Բելառուսի նախագահի բացման խոսքի ժամանակ Սերժ Սարգսյանն արդեն մուշ–մուշ «ընթերցում» է։

Անամոթ օպերատորի «ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունը» ֆիքսում է նաև, թե ինչպես է 08։54–րդ րոպեին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքի ժամանակ, Սերժ Սարգսյանը քնից հանկարծ վեր թռնում, սրբում աչքերը, հետո ձեռքը մեկնում անձեռոցիկին (ուշադիր դիտել ընդհանուր պլանը)։

Դրանից հետո բոլոր կադրերում հստակ երևում է, որ Սերժ Սարգսյանն արթուն է մինչև 24։53–րդ րոպեն։ Բաքու կատարած իր այցելության և Ադրբեջանի հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքի ժամանակ Սերժ Սարգսյանին, կարծես, միայն մի բան է մտահոգում՝ հանկարծ չքնել։ Անզեն աչքով էլ կարելի է տեսնել, թե Սերժ Սարգսյանն ինչ տիտանական ջանքեր է գործադրում և ներքին կռիվ մղում «ընթերցելու» անհագ ցանկության դեմ։

37։50–րդ րոպեին կրկին օպերատորի «ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունն» իր չար կատակն է անում՝ Սերժ Սարգսյանի աչքերը գրեթե «խփվում» են։ Պարզապես, արդեն այս անգամ նա ձեռքը դրել է գլխի տակ, որ հանկարծ սեղանին չխփի ու լրիվ խայտառակ չլինի։

«Արթուն մնալ ամեն գնով» Սերժ Սարգսյանի պայքարը, փաստորեն, ահագին երկար է շարունակվում, բայց բնությունն ի վերջո անում է իրենը։ 51։54րդ րոպեին ցուցադրվող կադրից պարզ երևում է, որ նա դեռ շարունակում է «դանթել»։

Ի դեպ, քնելը կամ «ընթերցելը», ով ոնց ուզում է՝ թող անվանի, ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ Սերժ Սարգսյանի միակ «հերոսությունը» չէ։

Ինչպես հայտնի է, ի տարբերություն մյուս նախագահների՝ Սերժ Սարգսյանն այդպես էլ ելույթ չունեցավ։ Սակայն, պարզվում է, որ ոչ թե ժամանակը չի բավականացրել, կամ այլ հանգամանքներ են խանգարել (ասենք՝ օպերատորի ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունը), այլ պարզապես նա հերոսաբար «ատկազ» է արել։

Վերոնշյալ տեսագրության մեջ՝ 13։10–րդ րոպեին, հստակ լսվում է, թե ինչպես է նիստը վարող Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևից հետո խոսքի իրավունք տալիս Սերժ Ազատովիչին, բայց վերջինս ի՞նչ է անում։ Ճի՛շտ կռահեցիք, հրաժարվում է, ընկերնե՛ր, հուժկու հրաժարվում։ Դե, էլ ի՞նչ ասի. Մաքսային միություն մտել է, Արցախի անվտանգության գոտի հանդիսացող ազատագրված տարածքները հանձնելու պատրաստակամություն հայտնել է, Գյուլի հետ ֆուտբոլ խաղացել է, ԵՄ–ի հետ ասոցացման շուրջ 4 տարի բանակցել ու հետո Ֆյուլեին ձեռնունայն է թողել, Զորի Բալայանի միջոցով էլ Գյուլիստանի պայմանագրին հավատարմություն հայտնել է։

Մնացածն ասելու հերթը Հայաստանի բնակչությանն է. տեսնենք, թե ինչ և ինչպես կասի։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը