Տնտեսական

19.11.2013 22:15


Կապի և տրանսպորտի նախարարությունից անդրադարձել են երկաթգծի աշխատանքներին

Կապի և տրանսպորտի նախարարությունից անդրադարձել են երկաթգծի աշխատանքներին

Մենք արդեն տեղեկացրել էինք այն մասին, որ Դալարիկ–Քարակերտ հատվածում արտակարգ պատահար է տեղի ունեցել՝ գծից դուրս են եկել բենզին և ցորեն տեղափոխող բեռնատար վագոններ։ Հրդեհ էր բռնկվել։

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ տարբեր կարգի վթարներ են տեղի ունենում երկաթգծում։ Որքան էլ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ից հավաստիացնում են, որ իրենք ներդրումներ են կատարում և արդիականացնում են համակարգը, միևնույն է վթարներից խուսափել չի լինում։

ՀԿԵ–ի գործունեության հետ կապված փորձեցինք պարզել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեսակետը։ Երկաթուղու վարչությունից մեզ հետևյալ պարզաբանումները ներկայացրին.

–Հայտնի է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ն կոնցենսիոն պարտավորություններ է ստանձնել։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն ինչպե՞ս է իրականացնում իր վերահսկողական ֆունկցիան բնական մենաշնորհի տիրապետող այդ ընկերության նկատմամբ։

–ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վերահսկողական գործառույթներն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությամբ և կոնցեսիոն պայմանագրով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում:

–Նախարարությունը գո՞հ է այդ ընկերության գործունեությունից։

–«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը 2008թ. կոնցեսիոն կառավարման պայմանագրով ստանձնել է ներդրումային պարտավորություններ, որոնք համապատասխանաբար իրականացնում է՝ ըստ տարիների:

Նոյեմբերին Դալարիկ–Քարակերտ հատվածում արտակարգ պատահար է տեղի ունեցել՝ գծից դուրս են եկել բենզին և ցորեն տեղափոխող բեռնատար վագոններն ու պայթել։ Նախարարությունը հետևո՞ւմ է տեղի ունեցած վթարի պատճառները պարզելու աշխատանքներին, և, ընդհանրապես, ի՞նչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։

–Երկաթուղու Դալարիկ-Քարակերտ վազուրդում տեղի ունեցած պատահարի պատճառներն ուսումնասիրելու և համապատասխան եզրակացություն տալու անհրաժեշտությունից ելնելով` «ՀԿԵ» ՓԲԸ-ում ստեղծվել է հանձնաժողով, որի աշխատանքները շարունակվում են: Քննության արդյունքներով՝ հանձնաժողովը կներկայացնի պատահարի հանգամանքներն ու պատճառները: Նշված հատվածի վթարավերականգնողական աշխատանքները գտնվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության անմիջական ուշադրության ներքո:

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը