Լրահոս

28.07.2009 16:52


Բերման են ենթարվել զբոսաշրջիկների վրա հարձակվածները

Հուլիսի 23-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ էր հնչել, որ Արամի փողոցում ավազակային հարձակման են ենթարկվել Չեխիայի հանրապետության երկու քաղաքացի:
Նմանատիպ երկու ահազանգ հնչել է նաև հուլիսի 25-ին. Ե. Կողբացու և Վ. Սարգսյան փողոցներում ավազակային հարձակման էին ենթարկվել Նիդեռլանդների թագավորության երկու և Արգենտինայի երեք քաղաքացիներ:
Երևանը համարվում է ԱՊՀ ամենաապահով մայրաքաղաքներից մեկը, և զբոսաշրջիկների նկատմամբ քաղաքի կենտրոնում կատարված հանդուգն հարձակումները կարող էին հակառակ տպավորություն ստեղծել՝ հարվածելով Երևանի վարկանիշին: Հանցագործությունների բացահայտումը պետք էր իրականացնել հնարավորինս սեղմ ժամանակում:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, երկու օր անց, հուլիսի 27-ին, բերման են ենթարկվել 1993 թ. ծնված Մկրտիչ Հովսեփյանը, 1981 թ. ծնված Հայկ Բուդոյանը և նրա կրտսեր եղբայրը՝ 1993 թ. ծնված Վիգեն Բուդոյանը:
Նրանք խոստովանել են, որ զբոսաշրջիկների վրա կատարված ավազակային հարձակումները հեղինակել են իրենք:
Նույն օրը Մկրտիչ Հովսեփյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ Բուդոյանների բնակարանից հայտնաբերվել են զբոսաշրջիկներին պատկանող «Վիզա Էլեկտրոն» և «Մաստեր» քարտեր, անձնագիր, ժամացույցներ, դրամապանակներ, բջջային հեռախոսներ, տարբեր երկրների դրամներ և այլ իրեղեն ապացույցներ:
Ոստիկանները կասկածներ ունեն, որ հնարավոր է նրանք կատարած լինեն նմանատիպ այլ հանցագործություններ ևս, ուստի՝ տուժողները կարող են դիմել ոստիկանության Կենտրոնականի կամ մոտակա բաժին:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը