Մեկնաբանություն

19.11.2013 23:32


Կռունկ, արագիլ, Սեւակ եւ այլն

Կռունկ, արագիլ, Սեւակ եւ այլն

Ինչ խոսք, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի՝ ազգային համախմբման կոչը հուզիչ է, սակայն միաժամանակ՝ չափազանց զարմանալի:

«Հորդորում եմ աշխարհասփյուռ հայության բոլոր ներկայացուցիչներին և բարի կամքի բոլոր մարդկանց միավորել իրենց ջանքերը, որպեսզի հնարավոր լինի երեխա ունենալու բախտ պարգևել խնդիրներ ունեցող հայ ընտանիքներին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մենք պետք է վճռական կրկնենք Պարույր Սևակի խոսքերը՝ կա՛նք, պիտի՛ լինենք ու դեռ շատանա՛նք:
Մենք դա պիտի անենք ոչ միայն խոսքով, այլև հստակ գործով»:

Առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո գործող «ԱՐԱԳԻԼ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծմանը և վերարտադրողական բժշկության կազմակերպումը:

Կարճ ասած՝ Ռիտա Սարգսյանը սփյուռքից փող է ուզում, որ կարողանա անպտղության մասով ժողովրդագրական խնդիրներ լուծել:

Նախ նկատենք, որ իշխանությունները սիրում են երբեմն-երբեմն սրտաճմլիկ տեքստերով, կարգախոսներով եւ անգամ երգերով հանդես գալ. «Արի տուն», «Բարով եկար, սիրուն կռունկ», «Հայկական աշխարհ» դե հիմա էլ՝ բարի «Արագիլ» ու «կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»:

Բնականաբար, այս սենտիմենտալ ձևակերպումներով ոչ ազգային համախմբման եւ ոչ էլ ժողովրդագրական խնդիրներ չեն լուծվում:

Իրականությունը շատ ավելի դաժան է, ժողովրդագրական ցուցանիշները ավելի քան մտահոգիչ:

Բայց կարծես թե իրականությունը եւ ցուցանիշները իշխանությունները չեն ցանկանում նկատել:

Տիկին Սարգսյանի կոչը զարմանալի է այն առումով, որ նա էլ չի ցանկանում տեսնել իրականությունը եւ հավանաբար, կարծում է, որ անպտղությամբ տառապող ընտանիքներին աջակցելով «կշատանանք»՝ հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

Նախաձեռնությունն ինքնին վատը չէ։ Գաղափարն էլ վատը չէ, բայց, ինչպես ասում են, շան գլուխն այլ տեղ է թաղված։

Անշուշտ, անպտղությունը եւս խնդիր է, բայց ոչ այն աստիճան վտանգավոր ու աղետալի, ինչպիսին արտագաղթն է, ծնելիության նվազումը կամ աղքատության բարձր մակարդակը:

Ի դեպ, ՄԱԿ-ի գրասենյակի տվյալներով այսօր Հայաստանում զույգը ունենում է 1 երեխա եւ չի ցանկանում երկրորդը, առավելեւս երրորդը ունենալ: Պատճառները ավելի քան հայտնի են. սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, աշխատանքի բացակայություն, ապագայի անորոշություն եւ այլն:

Երիտասարդ ընտանիքներին, որոնք հասկանալի է անպտղությամբ չեն տառապում՝ կառավարության աջակցությունը հայտարարություններից այն կողմ չի անցնում: Հռչակվում են ծրագրեր եւ դրանք մնում են թղթի վրա:

Իսկ արտագաղթը այլեւս սպառնում է ազգային անվտանգությանը:

Վերջերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տվյալներ, որոնց համաձայն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ-ից մեկնած եւ ՀՀ ժամանած քաղաքացիների թվերի տարբերությունը կազմել է 122 հազար 191` հօգուտ մեկնածների: Անցած տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այդ նույն ցուցանիշը կազմել է 109 հազար 405 քաղաքացի, ինչը նշանակում է, որ արտագաղթի տեմպը մոտ 12 տոկոսով գերազանցել է անցած տարվա ցուցանիշը:

Հայտնի է նաեւ, որ վեջին 3 տարիներին երկրից հեռացել է ավելի քան 250 հազար մարդ:

Իսկ կառավարությունը մատը մատին չի խփում արտագաղթի ծավալները նվազեցնելու ուղղությամբ:

Զավեշտն այն է, որ նոր-նոր «ցրցամ են տալիս», որպեսզի ավելի մանրակրկիտ հասկանան արտագաղթի պատճառները։

«Մենք բազմաթիվ ուսումնասիրություններ ենք իրականացրել եւ այսօր էլ իրականացնում ենք` արտագաղթ երեւույթի պատճառները ավելի լավ հասկանալու, շարժառիթները ավելի մանրակրկիտ հասկանալու համար, այն նպատակով, որպեսզի մեր գործողությունները լինեն արդյունավետ։ Պետական բյուջեով էլ նախատեսված է առաջին անգամ ֆինանսական միջոցների հատկացում Միգրացիոն ծառայությանը, որպեսզի հետազոտություններ կատարվեն այդ երեւույթն ամբողջական պատկերացնելու համար»,- երկու ամիս առաջ կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Եվ նշեց, որ 2014-ի բյուջեով հետազոտությունների համար նախատեսված է 13 միլիոն դրամ:

Լրատվամիջոցները բազմիցս են գրել ու ներկայացրել իրական պատկերը, թե ամեն շաբաթ որքան մարդ՝ բեռու բոխջով եւ քանի ավտոբուսով է հատում սահմանը (օդային ճանապարհով երկիրը լքողները՝ չհաշված), իսկ կառավարությունը 2014-ից նոր միայն սկսելու է «մանրակրկիտ հասկանալ»:

Իսկ «համայն հայության» նախարար Հրանուշ Հակոբյանն էլ հայտնի չէ, թե որքան գումար է վատնել իր «Արի տուն» ծրագրի վրա, սակայն այն ակնհայտորեն տապալված ու ձախողված պետք է համարել, քանի որ դեռ տուն եկողների չենք տեսել (չհաշված՝ հայտնի պատճառներով սիրիահայության ներգաղթը, ինչը բնականաբար կապ չունի «Արի տուն» ծրագրի հետ):

Ահա այսպես՝ կա՛նք, պիտի՛ լինենք ու դեռ շատանա՛նք՝ արտագաղթածների փողերով:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը