Լրահոս

28.07.2009 17:08


Տերյանական տոնակատարություն Ջավախքում

Հուլիսի 26-ին Ջավախքի Գանձա գյուղում տեղի ունեցավ հայ մեծ պոետ Վահան Տերյանի պոեզիայի ամենամյա տոնակատարությունը: Տոնին մասնակցելու համար Երևանից Ջավախք մեկնած պատվիրակության կազմում են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, «Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Առուշան Հակոբյանը, ՀՀ Գրողների միության անդամներ Արևշատ Ավագյանը, Վահան Սաղաթելյանը, Գագիկ Դավթյանը, Նինա Հարությունյանը, երգչուհի Արուս Գուլանյանի ղեկավարած «Նազանի» երգի համույթը, երգիչներ, ասմունքողներ և այլն: Վրաստանից, ինչպես և Ջիվանուն նվիրված տոնակատարությանը, որևէ վրացի պետական, հասարակական ու մշակութային գործիչ տոնին չի մասնակցել: ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանին վրացական իշխանությունները դարձյալ թույլ չեն տվել մուտք գործել Ջավախք, այս անգամ արդեն իր հայրենի Գանձա գյուղում տոնակատարությանը մասնակցելու: Աժ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը իր ելույթում խոսել է հայ-վրացական իրական բարեկամության անհրաժեշտության մասին, անդրադարձել է Ջավախքում առկա ազգային, լեզվական, կրթամշակութային և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին և դրանց շուտափույթ լուծման անհրաժեշտությանը, քննադատել է վրաց իշխանություններին Շիրակ Թորոսյանին անհարկի ձևով հայրենի Ջավախք մուտք գործելը արգելելու համար: Տոնի տեղական կազմակերպիչների ջանքերով ելնելով ինչ-ինչ նկատառումներից ԱԺ պատգամավոր Արտյուշա Շահբազյանին ելույթի հնարավորություն չտրվեց: Ի դեպ դաշտահանդեսին ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանը, որին Ջավախքում ճանաչում են որպես չարաբաստիկ բանտի ու աքսորավայրի կառուցման նախաձեռնության հեղինակի: Վերջինիս եղբայր Արամ Սանոսյանը, որը ժողովրդի պայքարի ու ջանքերի շնորհիվ այդ չկայացած կառույցի անմիջական կապալառուն էր, տոնակատարությանը ներկայացել էր մինչև ատամները զինված վրաց հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը