Մեկնաբանություն

20.11.2013 11:00


Սերժ Սարգսյանը թուրքական նախապայմանների և Գյուլիստանի արանքում

Սերժ Սարգսյանը թուրքական նախապայմանների և Գյուլիստանի արանքում

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն գրեթե չկա։ Իսկ դա նշանակում է, որ որևէ արդյունք չի արձանագրվել, ինչն արդեն լավ է, քանզի Սարգսյանի պարագայում ցանկացած արդյունք ի վնաս Հայաստանի է լինելու։

Որքան անարդյունք ավարտվեն Սարգսյան–Ալիև հանդիպումները, այնքան լավ։ Բայց ամեն ինչ ժամանակային սահմանափակումներ ունի։ Եթե Հայաստանի ներսում փոփոխություններ չլինեն, ապա կապ չունի, թե երբ կլինեն մեր զիջումները. միևնույն է, նույն արդյունքն է լինելու։

Կազանից հետո արձանագրված դադարը հայկական կողմը չի օգտագործել իր օգտին։ Արտագաղթը չի կասեցվել, տնտեսության անկումը չի հաջողվել դադարեցնել, բիզնես մթնոլորտը չի լավացել։ Դե, իսկ արտաքին քաղաքական դաշտում Սարգսյանին հաջողվել է Հայաստանը դարձնել սուպերանվստահելի պետություն։ Բրյուսելում մոռացել են մեր «հեռախոսի» համարը (հիշեն, որ ի՞նչ անեն), Մոսկվայում չեն էլ ուզում իմանալ (զանգեն, որ ի՞նչ անեն), իսկ Վաշինգտոնում Սերժի հետ խոսելու ցանկություն ունեցող չկա (խոսեն, որ ի՞նչ անեն)։

Ալիևի մոտ ճիշտ հակառակն է։ Նա հաջողացրեց Սարգսյանի «արևմտամետության» փուլում լավացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ բազմամիլիարդանոց գործարք կնքելով զենքի մատակարարման ոլորտում։ Ալիևին զուգահեռաբար հաջողվեց նաև Արևմուտքի հետ հարաբերություն չփչացնել, ինչպես նաև հասնել Ռամիլ Սաֆարովի` Բաքու վերադառնալուն։

«Ֆուտբոլային» դիվանագիտության ճարտարապետ Սերժ Սարգսյանին թուրքերը վաղուց են ուղիղ տեքստով ասում Ղարաբաղի մասով նախապայմանների ու հայ–թուրքական սահմանի բացման կապի մասին։ Հայ–թուրքական արձանագրությունները, սակայն, շարունակում են մնալ ԱԺ–ում, իսկ Հայաստանի ստորագրությունները՝ այդ արձանագրությունների տակ։

Սերժ Սարգսյանի հույսն այժմ Զորի Բալայանն է։ Ավելի ճիշտ՝ ՀՀԿ «ճկուն» ղեկավարի հույսը «ծովահենի» միջոցով Գյուլիստանի պայմանագրի մասին հիշելն ու այդպիսով Պուտինին քծնելն է։ Սերժն այլ տարբերակ չունի։ Այլ հարց է, որ ՀՀ քաղաքացիներն ունեն այլ տարբերակ։ Մնում է կյանքի կոչել այդ տարբերակը։ Եթե, իհարկե, Զորի Գայկովիչի հետ համաձայն չենք։

Ստատուս քվոյի ժամանակահատվածը պետք է օգտագործել ներսում վիճակը փոխելու համար։

«Ստատուս քվո Ղարաբաղի հարցում և ստատուս քվոյի փոփոխություն Հայաստանի ներսում». սա՛ պետք է լինի հայ ժողովրդի կարգախոսը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը