Լրահոս

28.07.2009 18:09


Հարուցվել է քրեական գործ՝ ուսանողներից կաշառք վերցնելու դեպքի առթիվ

Լոռու մարզի դատախազը հարուցել  է քրեական գործ՝ «ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի՝ Վանաձորի մասնաճյուղ»-ի դասախոսների կողմից ուսանողներին դրական  դրական գնահատական նշանակելու համար կաշառք վերցնելու դեպքի առթիվ:

ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչությունում եւ ոստիկանության՝ Լոռու մարզի քննչական բաժնում  նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի՝ Վանաձորի մասնաճյուղ»-ի «Էլեկտրամատակարարում»  ամբիոնի վարիչ Է. Մխիթարյանը, նույն ամբիոնի  դասախոս Հ. Արաբյանի հետ նախնական համաձայնության գալով,  2008-2009 ուսումնական  տարվա առաջին  կիսամյակի «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների սխեմատեխնիկա» առարկայից  կուրսային նախագիծ-աշխատանքներն իրենց  լիազորությունների շրջանակում դրական  գնահատելու համար  2008թ. նոյեմբերին հիշյալ  մասնաճյուղի  «Հաշվողական տեխնիկայի  եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում»  բաժնի 3-րդ կուրսի  թիվ 861 խմբի թվով 8 ուսանողներից  պահանջել, ապա նաեւ ստացել են 20 000-ական դրամ՝ ընդհանուր 160 000 դրամ կաշառք:

Բացի այդ՝ 2009թ. հունիսի 8-ին  Է. Մխիթարյանը հիշյալ ամբիոնի դասախոս  Մ. Յախշիբեկյանի հետ  նախնական համաձայնությամբ նույն ուսումնական տարվա  երկրորդ կիսամյակի  «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների կազմակերպում»  առարկայից կուրսային  նախագիծ-աշխատանքն  իրենց լիազորությունների սահմաններում  գերազանց գնահատելու համար  Ա. Վարդանյանից պահանջել եւ ստացել են  10 000 դրամ, իսկ  կուրսային նախագիծ-աշխատանքը  դրական  գնահատելու համար  հիշյալ բաժնի ուսանող  Վ. Ավետյանից պահանջել, ապա  վերջինիս համակուրսեցի, իրենց  հովանավորյալ  Խ. Աղոյանի միջոցով ստացել են 20 000 դրամ կաշառք:

 Նույն ժամանակահատվածում   Է. Մխիթարյանը,  նույն ամբիոնի մեկ այլ դասախոսի՝  Ժ. Կարայանի հետ համաձայնության գալով,  կուրսային նախագիծ-աշխատանքն իրենց լիազորությունների սահմաններում դրական գնահատելու, ինչպես նաեւ նախորդ կիսամյակում «Միկրոսխեմատիկա» առարկայից  Հ. Արաբյանի կողմից  դրական գնահատական նշանակելու համար նշված բաժնի ուսանող  Հ. Քոչարյանից  պահանջել եւ ստացել են  35 000 դրամ կաշառք:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ  կետերի հատկանիշներով: Լոռու մարզի դատախազը քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝  Լոռու մարզի քննչական բաժին՝ ըստ էության քննելու համար:

ՀՀ գլխավոր  դատախազության  

մամուլի ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը