Լրահոս

20.11.2013 16:36


Ի պատասխան «Մարց Էներջի» ՍՊԸ-ի պաշտոնական հաղորդագրության

Ի պատասխան «Մարց Էներջի» ՍՊԸ-ի պաշտոնական հաղորդագրության

Ի պատասխան «Մարց Էներջի» ՍՊԸ-ի պաշտոնական հաղորդագրության՝ ս.թ. նոյեմբերի 17-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ այցելել էին Մարց գյուղ: Այցի նպատակն էր սատարել Մարցիգետի վրա ապօրինաբար կառուցվող հերթական ՀԷԿ-ին դեմ արտահայտվող գյուղացիներին, ինչպես նաև արտահայտել սեփական դիրքորոշումը ՀԷԿ-ի կառուցման ծրագրի վերաբերյալ: 19.11.2013-ին «Մարց Էներջի» ՍՊԸ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, (http://www.lragir.am/index/arm/0/country/view/91130) որի մեջ ուշագրավ են հետևյալ երեք հատվածները՝ 1. Սույն թվականի նոյեմբերի 17-ին որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ հերթական անգամ փորձել են խոչընդոտներ ստեղծել «Մարց Էներջի» ընկերության Մարցիգետ ՓՀԷԿ1-ի կառուցման աշխատանքները և իրենց գործողություններով, ինչպես Մարց գյուղում, այնպես էլ հետագայում Երևան-Թբիլիսի ճանապարհի վրա (ճանապարհը փակելու միջոցով), էական վնաս են հասցրել գործարար աշխարհում ընկերության բարի համբավին։ Ավելին՝ նշված անձիք ներկայացրել են, թե ընկերությունը «ահաբեկել է» Մարց գյուղի բնակչությանը: 2. Դիտարկելով համացանցում առկա տեսագրությունները կարելի է հստակ նկատել, որ բողոքի ակցիա իրականացնողները ոչ թե գյուղի բնակիչներն են, այլ այդտեղ ավտոբուսով ժամանած, բոլորին քաջ ծանոթ շուրջ 50 «ակտիվիստները»: 3. Ընկերությունը հաստատակամ է իր իրավունքների ներկայացման և պաշտպանության հարցում, և կիրառելու է ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի բոլոր գործիքները՝ ոչ այնքան էլ հասկանալի ֆինանսական միջոցների հաշվին գործողություն ծավալող անձանց՝ սեփական գովազդը այս եղանակով իրականացնելու հետագա փորձերը իրավական դաշտում պատասխանատվության հարթություն տեղափոխելու համար: Նախ՝ տեքստից պարզ է դառնում, որ «Մարց Էներջի» ընկերության աշխատակիցները ունակ չեն քաղաքացիական նախաձեռնություն կոչվածը տարբերել հասարակական կազմակերպություն կոչվածից: «Մարց Էներջի» ընկերության գործադիր տնօրեն Լիպարիտ Սիմոնյանը հանրությանն արդեն հայտնի է որպես «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ի տնօրեն, որը շահագործում է Չիչխան գետի վրա գործող փոքր ՀԷԿ-ը, ինչի արդյունքում գետը հայտնվել է աղետալի վիճակում https://www.youtube.com/watch?v=YlCaipxld-c, այնպես որ գործարար աշխարհում նրա համբավը վաղուց արդեն մեղմ ասած բարի չէ: Ինչ վերաբերվում է գյուղացիներին ահաբեկելու մասին հայտարարություններին, ապա այդ մասին առաջինը բարձրաձայնել են հենց Մարցի բնակիչները և լրագրողները http://hetq.am/arm/news/30309/artasvox-dprocakany-tchnshvats-gyuxacinery-marceci-vachon-ev-karucvox-heky.html: Հետո՝ բնավ անհրաժեշտ չէր դիտել համացանցում առկա տեսագրությունները՝ իմանալու համար, որ ակցիան կազմակերպվել էր «100 աստիճան» քաղաքացիական նախաձեռնության կողմից և մասնակիցները ժամանել էին ավտոբուսով: Հանրահայտ փաստերը որպես նենգափոխված իրականության բացահայտում ներկայացնելը, կարծես թե, այդքան էլ պատվաբեր չէ իր բարի համբավի մասին մտահոգվող ընկերության համար: Ավելին՝ երբ հերթական անգամ առանց որևէ փաստի հրապարակայնորեն կասկածի տակ են առնվում ակցիայի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, ավելի քան ակնհայտ է դառնում ակցիայի մասնակիցներին վարկաբեկելու էժանագին մեթոդի կիրառումը: Հիշեցնենք, որ այցելությունը կազմակերպվել էր մասնակիցների սեփական միջոցներով, ինչի մասին կարող էր իմանալ ցանկացած անձ, ով կմասնակցեր ակցիային: Այնպես որ, եթե «Մարց Էներջի» ՍՊԸ-ում «կասկածելի» ֆինանսական հոսքերի մասին փաստերի են տիրապետում, հորդորում ենք հրապարակել դրանք: Հակառակ դեպքում՝ արձանագրենք, որ ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ է գտել դատարկախոսություն և ապատեղեկատվություն: Միևնույն ժամանակ ցանկանում ենք «Մարց Էներջի» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին հիշեցնել, որ Մարցիգետը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, և ՀՀ բոլոր քաղաքացիների ազգային հարստությունն է: Հետևապես՝ գետի ճակատագիրը բոլորի խնդիրն է, և յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դրա վերաբերյալ արտահայտել իր կարծիքը և բարձրաձայնել իր բողոքը: Վերջում հիշեցնենք, որ ՀԵԿ-ի կառուցման վերաբերյալ հանրային լսումների արդյունքները գյուղապետի կողմից ակնհայտորեն կեղծվել են և չեն կարող հիմք ընդունվել թույլտվության համար. դրա վառ ապացույցն է լսումների տեսագրության http://www.lragir.am/index/arm/0/videos/view/84126 և վերջնական արձանագրության աղաղակող անհամապատասխանությունը: Գյուղացիների ճնշող մեծամասնությունը համաձայն չէ ՀԵԿ-ի կառուցմանը և ամրագրել է իր դիրքորոշումը շուրջ 320 ստորագրություններով http://econews.am/hy/?p=13511։ Այնպես որ հորդորում ենք ընկերության ներկայացուցիչներին՝ իրականացնել այս խնդիրն իրավական դաշտ տեղափոխելու իրենց «սպառնալիքները»:

«100 աստիճան» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը