Լրահոս

22.11.2013 15:39


ՀՀ ԱԳ նախարար. «Վահան Հովհաննիսյանի ագրեմանի գործընթացը հրապարակային քննարկման ենթակա չէ»

ՀՀ ԱԳ նախարար. «Վահան Հովհաննիսյանի ագրեմանի գործընթացը հրապարակային քննարկման ենթակա չէ»

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ.

-Պարո'ն նախարար, Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսի գագաթաժողովին, և արդյոք հայտնի՞ է Հայաստանի պատվիրակության կազմը։
- Բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում և պատշաճ կարգով կհայտնվեն։
- Այսինքն, անորո՞շ է …
- Որոշված է, բայց կհայտնվի համապատասխան ժամկետներում։
- Իսկ ի՞նչ է սպասվում, ի՞նչ պետք է կնքի Հայաստանը։
- Ես արդեն ասացի` ինչ որ լինելու է, կիմանաք պատշաճ ժամկետներում և կարգով։
- Ի՞նչ եք կարծում` Ուկրաինայի հրաժարվելը կազդի՞ Հայաստանի մտադրության վրա:
-Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես է զարգացնում հարաբերությունները հարևան երկրների հետ, տարբեր տարածաշրջանային կառույցների հետ։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Եվրամիության հետ, մենք բազմիցս արտահայտվել ենք։ Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր հնարավոր ուղղություններով։ Դրա մասին ասվել էր նաև այն մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել էր Բրյուսելում Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո: Իսկ Քեթրին Էշթոնն իր կողմից հայտարարել էր, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման հետ: Դրան հավելելու բան այս պահին չկա։
- Պարո'ն նախարար, նախագա՞հն է գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը:
- Ես ասացի, որ մենք կհայտնենք պատշաճ ձևով և պատշաճ ժամանակահատվածում։
- Բայց ի՞նչ է լինելու, վերջիվերջո, ինտրիգ է, չէ՞, առաջանում:
-Այցելությունների մասին, տարբեր մակարդակներով կազմակերպվող միջազգային համաժողովներին մասնակցության մասին, ինչպես դուք տեղյակ եք, սովորաբար հայտնվում է… քանի օրու՞մ: Երբեք չի եղել, որ տաս օր կամ մեկ շաբաթ առաջ հայտնվի:
-Պարզապես հարցը հուզում է հանրությանը, այդ պատճառով…
- Ես ձեզ պատասխանեցի` կտեսնեք հաղորդագրությունը և կիմանաք:
- Եվրամիության հետ զարգացման հեռանկարնե՞ր...:
- Հեռանկարները լավ են, դրական են, մենք շարունակելու ենք համագործակցությունը:
-Հնարավոր է, որ Ուկրաինայի հրաժարվելուց հետո Արևելյան գործընկերության շեշտադրումը Եվրամիության կողմից ավելի թուլանա, որի մեջ է հենց Հայաստանը: Այսինքն, Եվրամիության հայացքը թեքվի դեպի…
-Այդ հարցը պետք է ուղղել Եվրամիությանը, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր մոտեցման մասին ես ասացի:
- Վահան Հովհաննիսյանի ագրեմանի մասով քննարկումներ կան, ի՞նչ կասեք։
-Ագրեմանը խնդրվել է, չի խնդրվել, ինչպես է ընթանում գործընթացը՝ ըստ ընդունված կարգի, այդ հարցերը հրապարակային քննարկման ենթակա չեն։ Երբ որ դեսպանի նշանակման հետ կապված գործընթացները ավարտվում են, ընդունվում է որոշում, որի վերաբերյալ համապատասխան հաղորդագրություն է հրապարակվում: Ես դա ասում եմ ոչ թե որևէ կոնկրետ նշանակման վերաբերյալ, այլ ընդհանրապես ընդունված կարգը դա է։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը