Մեկնաբանություն

22.11.2013 17:30


Սերժ Սարգսյանի կարմիր կետագծերը և «ԳԱԻ»–ի ռեկետը

Սերժ Սարգսյանի կարմիր կետագծերը և «ԳԱԻ»–ի ռեկետը

Ընտրական տոկոսները «խփելուց» հետո «Սերժ Սարգսյան & Co»–ն անցել է լայնամասշտաբ գրոհի։ Հնարավոր բոլոր տարբերակներով փող են հավաքում։ Անունը դրել են «պետբյուջե», բայց այլևս մարդ չի մնացել, որ չհասկանա՝ «պետբյուջեն» անողոքաբար «ատկատահան» է արվում և նպաստում իշխանական նեղ «կռուգի» հարստացմանը։

Բիզնեսի բոլոր շերտերին պատերազմ հայտարարելուց զատ՝ Սերժ Սարգսյանն ուզում է մտնել նաև աշխատուժի գրպանը։ Կենսաթոշակային «բարեշրջումը» հենց այդ նպատակին է ծառայեցվելու։

Սրանց բոլոր «բարեշրջումները» հանգեցնում են մեկ բանի՝ փող քամելուն՝ լինի դա ասֆալտի վրա կարմիր կետագծեր քաշելու կամ հարկային բեռն ավելացնելու միջոցով։

Պետական բոլոր կառույցներն, իրենց բուն ֆունկցիան թողած, դարձել են յուրօրինակ հարկահավաքման «կանտոռաներ»։

Խոսքս մասնավորապես վերաբերում է Ճանապարհային ոստիկանությանը կամ ինչպես ընդունված է ասել «ԳԱԻ»–ին։ Բերեմ կոնկրետ օրինակ, որպեսզի ավելի հստակ երևա այն ռեկետային մեխանիզմը, որը ներդրվել է Բաղրամյան 26–ից։

Այսպես. «ԳԱԻ»–ին տուգանք է նշանակել այն բանի համար, որ մեքենան կանգնեցվել է Երևանի Սայաթ–Նովա փողոցի (չհասած Տերյան փողոցին հատվող հատվածը) վրայի գրպանիկ կոչված հատվածում (տե՛ս կից տեղադրված 1–ին նկարը)։ Ընդ որում այդ գրպանիկի լայնքն այնպիսին է, որ ավտոմեքենան հնարավոր չէ փողոցին զուգահեռ կանգնեցնել և պետք է ստիպված թեք «պառկովկա» անես։

Ի դեպ, Սայաթ–Նովա փողոցի այդ հատվածում կանգառն արգելող նշան չկա, իսկ դրանից քիչ վերև (դեպի Աբովյան փողոց) նշված են կարմիր կետագծեր, որոնք փակում են փողոցի 1–ին սեկցիան, իսկ գրպանիկում կանգնած մեքենան չի փակում փողոցի սեկցիան։

«ԳԱԻ»–ից հիմնավորում են տուգանք նշանակելը այն բանով, որ տվյալ հատվածում թեք կանգառ թույլատրող նշան չկա (ՀՀ կառավարության «ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների ու պայմանների ցանկը սահմանելու մասին» թիվ 955 որոշման 80–րդ կետ)։

Բացի այդ՝ ըստ «ԳԱԻ»–ի խախտվել է նաև նույն որոշման 84–րդ կետի 3-րդ և 6–րդ ենթակետը (կանգառն արգելվում է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի միջև տարածությունը 3մ պակաս է և կանգառն արգելվում է խաչմերուկներում, երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5մ պակաս վայրում)։

Ավելի մատչելի լեզվով ասած՝ «ԳԱԻ»–ին ասում է, թե չի կարելի խաչմերուկների մոտ թեք կանգնել, անգամ եթե դա գրպանիկում է։

Շատ լավ, կառավարությունն այդպես է որոշել։ Դա նշանակում է, որ այդ սկզբունքը պետք է գործի բոլոր դեպքերում։ Բայց արի ու տես, որ կառավարության ընդունած որոշման կետերն ու ենթակետերը չեն գործում այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի մանկության ընկերների (դե՛, Սերժ Սարգսյանի, էլի՛) բիզնես շահերի հարց է առաջ գալիս։

Կից ներկայացված 2–րդ նկարը Երևանի Բաղրամյան փողոցի սկզբնամասն է (Օպերայի կողմից խաչմերուկին կից հատված), որտեղ գրպանիկներ կան և այդ գրպանիկներում կրկին հնարավոր չէ փողոցին զուգահեռ կայանել մեքենան, քանզի գրպանիկի լայնքը միայն թեք կանգառի հնարավորություն է տալիս։ Այդ հատվածում Սերժ Սարգսյանն իր մանկության ընկերների միջոցով կարմիր կետագծեր է քաշել ու փող է հավաքում։

Հարց է առաջանում. այդ ինչու՞ կարմիր կետագծերով հատվածում կարելի է թեք կայանել մեքենան գրպանիկում, իսկ ահա այն հատվածում, որտեղ կարմիր կետագծեր չկան՝ «ԳԱԻ»–ին տուգանում է գրպանիկներում թեք կանգնած մեքենաներին։ Եվ դա այն դեպքում երբ համանման իրավիճակ է։ Փաստորեն, երկակի ստանդարտների հետ գործ ունենք։

Ստացվում է, որ մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենան կանգնեցնելիս կա՛մ Սերժ Սարգսյանի մանկության ընկերներին պետք է մուծվես, կա՛մ Սերժ Սարգսյանին ենթակա ոստիկանությանը։ Երկու դեպքում էլ գումարները հոսում են նույն գրպանը։ Եթե սա պետական մակարդակով կազմակերպած ռեկետ չէ, ապա ի՞նչ է։

Հարցը առանձին վերցրած տուգանքը կամ դրա չափը չէ։ Սա քաղաքակա՛ն հարց է։ Եթե համընդհանուր դիմադրություն չլինի, ապա սրանք բոլորիս բակերում և անգամ տներում կարմիր կետագծեր կքաշեն ու տեսախցիկներ կտեղադրեն տուգանքներ նշանակելու համար։

Ես «ԳԱԻ»–ին չեմ մեղադրում։ Ավելի ճիշտ՝ «ԳԱԻ»–ի մեղքը կատարողի մակարդակի է։ Ինչ ասել են, այն էլ անում են։

Շան գլուխը Բաղրամյան 26–ում է թաղված։ Շանթ Հարությունյանը հենց այդ հասցեն էր հիշեցնում «խլապուշկաների» միջոցով։

. . .

ՀԱԿ–ը վերջերս հանդես է եկել կարմիր կետագծերը վերացնելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային խնդիրներին առնչվող այլ առաջարկներով։ Իշխող կոալիցիայից դուրս գտնվող մյուս ուժերը ևս պետք է միանան ՀԱԿ–ի նախաձեռնությանը։

Եվ ընդհանրապես, իշխանությունների ռեկետային քաղաքականությանը պետք է վերջ տալ։ Իսկ դրան միայն մի ձև կա։ Ոնց պտտվում ենք, էլի իշխանափոխության անհրաժեշտությանն ենք հանգում, քանզի սրանց ագահությանը չափ ու սահման չկա և միայն ուժի լեզվով է հնարավոր վիճակ փոխել։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը