Լրահոս

22.11.2013 19:08


Պարզաբանում ՄԻՊ խորհրդականի արձագանքի վերաբերյալ

Պարզաբանում  ՄԻՊ խորհրդականի արձագանքի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականն արձագանքել է ՊԵԿ-ի` նոյեմբերի 21-ի պարզաբանմանը, ինչի առնչությամբ Կոմիտեն անհրաժեշտ է համարում կրկին նշել, որ «Շրջանառության հարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթների մեկնաբանությունները չեն համապատասխանում իրավական ակտերով հստակ սահմանված դրույթների հետ: Այսպես, այն հանգամանքը, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ վճարող համարվելու հայտարարության և ՀՀ կառավարության 04.08.2011թ. N1104-Ն որոշ­ մամբ սահմանված ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարության տարբերություններն էական են, Պետական եկամուտների կոմիտեն բոլոր իրավական հիմնավորումները ներկայացրել է իր պարզաբանումներով: Հարցը վերաբերում է ոչ թե փաստաթղթի ոչ ճիշտ տարբերակի ներկայացմանը, ինչպես նշում է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը, այլ նրան, որ հարկային մարմին չի ներկայացվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: Մեկ անգամ ևս պարզաբանում ենք, որ օրենքն այս դեպքում միանշանակ սահմանել է ԱԱՀ վճարող համարվելու միակ ձևը` ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը սահմանված ձևով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացնելը: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության 04.08.2011թ. N1104-Ն որոշմամբ սահմանված ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարության ներկայացմանը, այն սահմանված է միայն արդեն իսկ ԱԱՀ վճարող համարվողների համար: Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ, նույն որոշման համաձայն, ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողներն արդեն չեն ներկայացնում ԱԱՀ
վճարող հաշվառվելու հայտարարություն: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է «անձինք» հասկացությունը, որը ներառում է բացառապես ՀՀ ռեզիդենտ համարվող առևտ­րա­յին կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին:
Միանշանակ է, որ նշված հասկացությունը չի ներառում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի` «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «անձ» հասկացության յուրովի մեկնաբանման վերաբերյալ պարզաբանում ենք. ա.«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն, շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքների համաձայն հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձինք` գործունեության այդ տեսակների մասով: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միևնույն տերմինով: Տվյալ դեպքում օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ սահմանված է, որ իրավական ակտի դրույթը վերաբերում է ոչ թե անձանց ընդհանրապես, այլ հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձանց, քանի որ կիրառվում է ոչ թե «անձինք», այլ «հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձինք» հասկացությունը:
բ.ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի բերած երկրորդ փաստարկի մասին. օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում կիրառվում է ոչ թե «անձանցից», այլ «երրորդ անձանցից» հասկացությունը և առավել, քան հստակ է, որ իրավական ակտի
դրույթը վերաբերում է ոչ թե անձանց ընդհանրապես, այլ երրորդ անձանց: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով հստակ սահմանված է «երրորդ անձ» հասկացությունը. երրորդ անձ է համարվում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինը, առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը, որը հարկային մարմին է ներկայացնում այլ հարկ վճարողի կամ այլ ֆիզիկական անձի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություններ:
Ավելորդ չենք համարում նշել, որ, ի տարբերություն նախորդ հրապարակման, այս անգամ խոսք է գնում ՊԵԿ-ի կողմից ոչ թե օրենքի «սխալ» մեկնաբանության, այլ արդեն «տառացի» մեկնաբանության մասին, ուստի հիշեցնում ենք «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ իրա­վա­կան ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները և իրա­վական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը: ՊԵԿ-ը, հանդիսանալով հար­կա­յին օրենսդրության դրույթները կիրառող մարմին, այդ դրույթները կիրառում է բացա­ռա­պես օրենքի տառին համապատասխան:
Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսի արհեստական մասնատմանը, հայտնում ենք, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված է երրորդ անձանցից (այդ թվում` պետական մարմիններից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, ընդհանուր տնտեսական շահերից ելնելով, համաձայնեցված գործելու հիմքով վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչելու դրույթը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը