Լրահոս

22.11.2013 20:10


Սերժ Սարգսյանն այցելել է մշակույթի նախարարություն

Սերժ Սարգսյանն այցելել է մշակույթի նախարարություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն: Պետական կառավարման մարմիններ իր նախորդ այցերի օրինակով, Հանրապետության նախագահը շրջել է նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներում, ծանոթացել պայմաններին ու իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ, որից հետո ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում մշակութային քաղաքականության հիմնադրույթները՝ երեք հիմնական ուղղություններով. մշակութային ժառանգության պահպանություն, ժամանակակից արվեստի զարգացում, մատաղ սերնդի` որպես մշակույթի սպառողի ձևավորում: Փոխնախարարներն ու աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքները, առկա խնդիրներն ու զարգացման ծրագրերը: Նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, մասնավորապես, զեկուցել է մշակութային ժառանգության պահպանության ոլորտում՝ հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում, թանգարաններ, գրադարաններ, ոչ նյութական մշակութային ժառանգություն, իրականացված միջոցառումները և նախատեսված ծրագրերը: Նախարարի մյուս տեղակալը՝ Արթուր Պողոսյանը զեկուցել է ժամանակակից արվեստի զարգացման և տարածման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նա անդրադարձել է մշակութային արտադրանքի ստեղծման համար մրցակցային դաշտի ձևավորման, ՀՀ մարզերի համաչափ զարգացման, մշակութային կրթության ոլորտում և միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված միջոցառումներին: Նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է աշխատակազմի կառուցվածքն ու գործունեությունը, առկա խնդիրները և աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զեկույցների վերաբերյալ Հանրապետության նախագահը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել բարձրացված խնդիրներն ու պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքի սկզբում նշելով, որ դարերի ընթացքում մեր ժողովուրդը, հաճախ դժվարին պայմաններում, հարուստ մշակութային ժառանգություն է ստեղծել, նախագահն ընդգծել է, որ այսօր բոլորիս խնդիրն է և առաջին հերթին՝ մշակույթի նախարարության աշխատակիցների, այդ ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը: «Սա չափազանց դժվար, մեծ և պատվաբեր աշխատանք է»,-ասել է նախագահը՝ հավելելով, որ նախարարության աշխատանքը տարեցտարի ավելի տեսանելի է դառնում, մասնագիտական առումով՝ ավելի որակյալ և կազմակերպված: «Սա, իհարկե, չափազանց ողջունելի երևույթ է: Մարդ իր աշխատանքը պետք է սիրի և իր աշխատանքը պետք է լավ իմանա ու նաև պետք է կարողանա մատուցել: Այս պարագայում, այն փոփոխությունները, որոնք լինելու են հաջորդ տարի, կարծում եմ, ավելի դրական ազդեցություն կարող են ունենալ»,-նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, պետք է առանձնակի ուշադրություն դարձնել նաև նորահայտ պատմական արժեքների թանգարանայնացմանն ու հանրահռչակմանը: Եվ դա անել նույնպիսի չափանիշներով, որոնք համապատասխանեն միջազգային մակարդակին: «Կարծում եմ, սա չափազանց կարևոր խնդիր է: Իհարկե, մենք երբեք չպետք է մոռանանք դասականը, չպետք է մոռանանք մշակույթի այն արժեքները, որոնք, եթե կարելի է այս բառն օգտագործել, նաև ոլորտաստեղծ նշանակություն ունեն: Դրանց մենք անպայման պետք է մեծ ուշադրություն դարձնենք»,-ընդգծել է նախագահը:

Նախագահը հորդորել է նաև ստեղծագործական միությունների հետ նախարարության համագործակցությունն ավելի ակտիվ դարձնել՝ նշելով, որ չնայած դա նախարարության անմիջական պարտականությունների մեջ չի մտնում, այդուհանդերձ, այդ աշխատանքը կարևոր է և անհրաժեշտ:

Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար, ՀՀ մշակույթի նախարարության մի շարք աշխատակիցների պարգևատրել է ՀՀ նախագահի շնորհակալագրերով: Խրախուսանքի են արժանացել, մասնավորապես, նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը, աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը, աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Գայանե Նազարյանը, աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

Այս խորագրի վերջին նյութերը