Մեկնաբանություն

23.11.2013 00:09


Ինչպես «Ռևիզորում»

Ինչպես «Ռևիզորում»

Պուտինի այցի հետ կապված հայաստանյան քաղաքական, «քաղաքացիական» եւ հանրության ակտիվ շրջանակներում նկատվող իրարանցումը հիշեցնում է Գոգոլի «Ռևիզոր» ստեղծագործության հայտնի տեսարանը:

Բոլորը ոտքերի ծայրերի վրա կանգնած, անհամբեր ու սրտատրոփ սպասում են կենտրոնից գուբերնիա ժամանող ռևիզորին: Իշխանական հատվածը հայելու առաջ շարունակում է բարձրաստիճան հյուրին քծնելու փորձերը, իսկ փոքրաթիվ «հակապուտինականները» շարունակում են հյուրի դեմ ինչ-որ «արդյունավետ» ակցիաներ հորինելու համար մարզել իրենց միտքը: Բայց արդեն սրանց մոտ մտավախություն կա եւ դա չեն թաքցնում. «Եսիմ, կթողնե՞ն գոնե 500 մետրից ցույց տանք մեր պաստառները»:

Ավելորդ է ասել, որ Գեղամյանն արդեն «գեներալնի» փորձը անցկացրել է: Ասում են, հիանալի է արտասանում՝ «Բարի գալուստ Վլադիմիր Վլադիմիրովիչ»:

Հանրապետականներից էլ ոմանք համարյա փշաքաղված արտաբերում են՝ մարդկանց հասկացնելով, թե ով է գալիս՝ «Աշխարհի կեսի տերը»:

Իշխանական պատգամավորներն էլ քրտնփչած նոր կոստյումներ ու փողկապներ են որոնում: Ասում են օճառի գները կտրուկ աճ են արձանագրել։

Հիշում եք, մի քանի տարի առաջ իշխող ուժը հպարտությունից փքված հայտարարում էր, թե մի տարվա մեջ տիկին Քլինթոնը երկու անգամ եկավ Հայաստան և նույնիսկ գիշերեց այստեղ՝ դա ներկայացնելով որպես Սերժ Սարգսյանի «նվաճում»:

Իսկ հիմա նրանց լեզուները համարյա կապ է ընկել. «Ինքը՝ Պուտինն է գալիս…» եվ հաճույքից շնչարգելություն են ունենում՝ չկարողանալով շարունակել իրենց խոսքը: Նկատելի է, որ շատ մտազբաղ են. մի բան են միայն երազում՝ գոնե կարողանան կամ իրենց թույլ տան ձեռքով բարեւել Պուտինին:

Պուտինի հայտնության մասին լուրը հետաքրքրություն է առաջացրել նաեւ հանրության շրջանում։ Նրա մի մասն անգամ ինչ-ինչ հույսեր է կապում այդ այցի հետ. «մի բան կլնի էլի, լավ բան կլինի մեր Հայաստանի համար»:

Դե, իսկ Զորի Բալայանը, հավանաբար, այստեղ իր նամակը նաեւ առձեռն կհանձնի Պուտինին:

Հիշո՞ւմ եք, թե ինչով է ավարտվում Գոգոլի կատակերգությունը:

Այո, վերջում «Համր տեսարան» է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը