Մեկնաբանություն

25.11.2013 10:58


Ուկրաինական Մայդանը և Հայաստանի «արևմտամետները»

Ուկրաինական Մայդանը և Հայաստանի «արևմտամետները»

Եվրաինտեգրման տասնյակ հազարավոր կողմնակիցները Ուկրաինայի տարբեր քաղաքներում դուրս են եկել փողոց։ Կիևի Մայդանում Վիկտոր Յանուկովիչի ընդդիմադիրներն անժամկետ հանրահավաք են հայտարարել և պահանջում են նրա հրաժարականը։ Տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև։

Այն ընդդիմությունը, որն աջակցում էր Յանուկովիչին ԵՄ–ի հետ ասոցացման գնալու հարցում, հիմա կատաղի պայքար է սկսել նրա դեմ, քանզի Ուկրաինայի կառավարությունը որոշում կայացրեց կասեցնել ասոցացման համաձայնագրին միանալու գործընթացը և խորացնել տնտեսական ինտեգրումն ԱՊՀ տարածքի ու հատկապես ՌԴ–ի հետ։

Հարկ է արձանագրել, որ Ուկրաինայում եվրաինտեգրման կողմնակիցներն իրենց պահեցին շատ սկզբունքային. աջակցում էին Յանուկովիչին, երբ նա ասոցացման էր գնում ԵՄ–ի հետ, և պայքարում են նրա դեմ, երբ որոշում կայացվեց ասոցացման գործընթացը կասեցնելու մասին։

Դե հիմա եկեք տեսնենք, թե ինչպես են իրենց պահում թունդ եվրոպամետ ներկայացող հայաստանյան «ընդդիմադիրները»։

Մինչև սեպտեմբերի 3-ը մեր տնաբույծ «արևմտամետները» սատարում էին Սերժ Սարգսյանին ու պայքարում ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ՝ իրենց քայլերը հիմնավորելով «Սերժը վատն է, բայց նա չարյաց փոքրագույնն է, քանզի մեզ տանում է դեպի լուսավոր Եվրոպա, իսկ ահա ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը ռուսամետ են, և, հետևաբար, մենք պայքարում ենք այդ ուժերի դեմ ու աջակցում ենք ոչ թե Սերժին, այլ նրա արևմտամետ կուրսը» կոդով։

ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հրաժարվելու և Մաքսային միություն մտնելու սերժսարգսյանական որոշումից հետո թվում էր, թե հայաստանյան «արևմտամետները» պետք է լցվեին փողոցները ու պահանջեին Սերժ Սարգսյանի հրաժարականը կամ էլ հանրության աչքին չերևային, բայց տեղի ունեցավ սպասելին. «արևմտամետները» շարունակում են աջակցել Սերժ Սարգսյանին և պայքարել ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։

«Արևմտամետները» գոնե մի հինգ հոգով փողոց դուրս չեկան նույնիսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Զորի Գայկովիչի միջոցով իր հավատարմությունը հայտնեց Գյուլիստանի պայմանագրին։

Ասել է թե՝ հայաստանյան «արևմտամետները» սկզբունքային են միայն մեկ հարցում՝ Սերժ Սարգսյանին ծառայելու։ Մնացած դեպքերում նրանք ճկուն են, ինչպես ռեզինը։

Սեփական քայլերի «դհոլային» բնույթն արդարացնելու համար «արևմտամետները» մի դեմագոգիկ բացատրություն են հիմա ներկայացնում, թե, իբր, Սերժ Սարգսյանի դեմ չեն պայքարում, քանզի նրան հեռացնելուց հետո իշխանության կարող են գալ ավելի ռուսամետ ուժեր։ Բայց, ախր, Գյուլիստանի պայմանագրին հավատարմության երդում տալով՝ Սերժ Սարգսյանը լվացել է անգամ ամենապաթոլոգիկ ռուսամետների գլուխները՝ գուբերնատոր դառնալու հայտ ներկայացնելով։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ինչո՞ւ եք ձեզ էշի տեղ դրել, ա՛յ «արևմտամետներ»։ Թե՞ ձեզ թվում է, որ այնքան «շուստրի» եք, որ գեղամյանությանը կարողանալու եք «գաղափարական» փաթեթավորում տալ և պլստալ։

Եվ այսպես, Ուկրաինայի ու Հայաստանի տարբերությունն այն է, որ ԵՄ–ի հետ ասոցացման գնալու կողմնակից ընդդիմադիր գործիչներն այնտեղ սեփականաշնորհված չեն Յանուկովիչի կողմից, իսկ ահա Հայաստանում Սերժ Սարգսյանը հաճախորդացրել է բոլոր մաստի դավիթշահնազարյաններին, արամզավենիչներին, «քաղաքացիականներին», «վճռականներին» ու «արևմտամետ» լրատվամիջոցներին («Lragir.am», «1in.am» և այլն)։

Շանթ Հարությունյանն իր հեղափոխությամբ պարզապես «փչացրեց» հայաստանյան «արևմտամետներին»՝ ցույց տալով, որ դրանք բոլորը սերժամետներ են։

Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներն էլ են «փչացնում» հայաստանյան «արևմտամետներին»։ Այնպես որ, Պուտինը կարող է հանգիստ գալ Հայաստան։ Նրա դեմ ցույցի պատրաստվող 12 հոգուց առնվազն 7–ը պետպատվերի շրջանակներում է պահանջում ՌԴ նախագահի հրաժարականը։ Բա հո Սերժի հրաժարականը չէ՞ին պահանջելու։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը