Լրահոս

25.11.2013 17:24


Հայաստանն ու ԱՄԷ-ն մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր են ստորագրել

Հայաստանն ու ԱՄԷ-ն մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր են ստորագրել

Նոյեմբերի 19-20-ը ՊԵԿ պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում կայացած Համաշխարհային մաքսային կազմակերպության «Տնտեսական մրցունակություն» թեմայով տարածաշրջանային համաժողովին, որի ընթացքում քննարկվել են մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները, ներդաշնակեցման իրականացման ճանապարհին ի հայտ եկող մարտահրավերները` հաշվի առնելով նաև Կիոտոյի վերանայված կոնվենցիայի դրույթները: Քննարկվել են նաև ՀՄԿ անդամ պետությունների միջև տնտեսական ինտեգրման երկարաժամկետ հեռանկարները` մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցումը դիտարկելով որպես ինտեգրման լավագույն միջոց: Համաժողովի օրակարգային կարևոր հարցերից էին նաև մատակարարման շղթայի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների կազմակերպման, «Լիազորված տնտեսական օպերատորների» ինստիտուտի ներդրման միջազգային փորձի ուսումնասիրման խնդիրները:

Համաժողովի ավարտից հետո ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և ԱՄԷ դաշնային մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Խալիդ Ալ Բուստանին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» երկկողմանի միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, որը իրավական հիմք կապահովի երկու երկրների մաքսային ծառայությունների միջև անմիջական համագործակցության և շփումների համար: Այն հնարավորություն կընձեռի իրականացնել տեղեկատվության անմիջական փոխանակում, համատեղ քայլեր մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարում, կազմակերպել փորձի փոխանակում և համատեղ ուսումնական միջոցառումներ` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը և առևտրային հոսքերի աճին:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի Համաձայնագրի կիրարկման հետ կապված բոլոր աշխատանքները:

ԱՄԷ դաշնային մաքսային ծառայության գլխավոր տնօրենն ընդունել է ՊԵԿ նախագահի` հաջորդ բարձրաստիճան երկկողմանի հանդիպումն Հայաստանում անցկացնելու հրավերը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը