Լրահոս

26.11.2013 08:23


Ջոն Քենեդիի թողած անջնջելի հետքը

Ջոն Քենեդիի թողած անջնջելի հետքը

Ես անձամբ շատ զղջում եմ, որ ավելի լավ չպահպանեցի այն ինքնագիրը, որ ստացա նախագահ Քենեդիից, երբ ինձ՝ կորեական մի հետամնաց գյուղից եկած տասնչորս տարեկան անհայտ դեռահասի, այդչափ մեծ բախտ վիճակվեց հանդիպել նրան:

Ես ԱՄՆ էի եկել ամբողջ աշխարհի մի խումբ երիտասարդների համար Կարմիր Խաչի կողմից կազմակերպված մի ճանաչողական ուղևորության շրջանակներում: Դա ավելին էր, քան այցելություն օտար երկիր. դա ուխտագնացություն էր դեպի հնարավորությունների, վառ ժողովրդավարության երկիր, որն իմ ազգին իր օրհասական պահին օգնել էր փրկվելու:

Նախագահ Քենեդիի ստորագրությունը արագ անհետացավ իմ ընկերների բազմաթիվ մատնահետքերից, ովքեր միմյանցից խլում էին փայլուն թղթի վրա տպված Սպիտակ Տան տեղեկագիրը և այնպիսի խանդավառությամբ էին միմյանց փոխանցում, որ մինչ այն ինձ վերադարձավ, արդեն նրա գրածի հետքն էլ չէր մնացել:

Բայց ոչինչ չէր կարող ջնջել այն դրոշմը, որ թողեց Ամերիկայի նախագահը իմ կյանքում: Հանդիպումը նրա հետ եղավ բեկումնային ինձ համար: Սպիտակ Տան հարավային մարգագետնում այդ օրն արտասանած նրա խոսքերն էին, որ ինձ ոգեշնչեցին և իմ մեջ արթնացրեցին դիվանագետ դառնալու և հանրային ծառայությանը նվիրվելու որոշումը:

Նայելով մեր բազմազան խմբին, որը կազմված էր այն ժամանակ «Երկաթե վարագույրի» հակառակ կողմերում գտնվող երկրների ներկայացուցիչներից, նախագահ Քենեդին մեզ հիշեցրեց, որ մենք կարող ենք ընկերներ լինել, եթե անգամ մեր կառավարությունները դեմ են միմյանց: Եվ նա ասաց բառեր, որոնք դարձան իմ կյանքի նշանաբանը. «Չկան ազգային սահմանափակումներ, կա միայն մի հարց, թե արդյոք մենք կարող ենք օգնության ձեռք մեկնել միմյանց»:

Մեծանալով և ազգային դիվանագիտական ծառայության մեջ առաջ շարժվելով` ինձ մոտ այդ գաղափարն ավելի սրվեց, և ես որոշեցի գործել հանուն համընդհանուր հանրության շահերի: Որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար` ես փորձում եմ հնարավորինս անել` ծառայելու աշխարհի բոլոր ժողովուրդներին, որոնց կողմից էլ ընդունվել է Կազմակերպության կանոնադրությունը:

Նախագահ Քենեդին մեծ հավատ ուներ ՄԱԿ-ի նկատմամբ: Ընդհանուր վեհաժողովում ունեցած նրա վերջին ելույթը` մահվանից շաբաթներ առաջ, հնչեց որպես նախաբան՝ ուղղված այն խնդիրներին, որոնք մինչ օրս էլ շատ ցավոտ են մեզ համար: Նա շեշտեց մարդու իրավունքների անբաժանելիությունը: Նա արտահայտվեց ընդդեմ շռայլ ռազմական ծախսերի: Նա կոչ արեց ռասայական և կրոնական հանդուրժողականության: Նա բարձր գնահատեց ՄԱԿ-ի խաղաղապահությունը: Եվ նա պնդեց, որպեսզի մենք խաղաղությունն ընդունենք ոչ միայն թղթի վրա, այլև մեր սրտերում: Սրանք արժեքներ են, որոնք ես պաշտպանում եմ ՄԱԿ-ի նվիրյալների կորպուսի աշխարհասփյուռ անդամների հետ միասին:

Ամբողջ աշխարհում երիտասարդների հետ իմ սեփական շփումների ժամանակ ես փորձում եմ հաղորդել այն բառերը, որ լսել էի Ջոն Քենեդիից. եղեք աշխարհի քաղաքացի և սիրեք Ձեր երկիրը` աշխարհին ծառայելով:

Գլխավոր քարտուղար դառնալուցս կարճ ժամանակ անց, ինձ այցի եկավ սենատոր՝ Էդուարդ Քենեդին: Նա ինձ տվեց շրջանակի մեջ դրված Սպիտակ Տան բակում մեր խմբանկարը և նախագահ Քենեդիի այդ օրվա ելույթի տեքստը: Ես խորապես զգացված էի, որ սենատոր Քենեդին հասկանում էր, թե ինձ համար ինչպիսի մեծ արժեք է իր եղբոր հետ ունեցած հանդիպումը:

Վերհիշելով կես դար առաջ նախագահ Քենեդիի ողբերգական մահը` ես հասկանում եմ, որ գուցե զուր է, որ ես զղջացել եմ նրա ինքնագիրը կորցնելու համար: Այդ ստորագրությունը պարզապես անհետ չջնջվեց թղթից. իմ ընկերները կլանեցին այն մաշկով՝ շնորհիվ իրենց խանդավառության: Ես հույս ունեմ շարունակել տարածել այս մարդու մտքերը, մի մարդ, ով ամուր կառչած էր բարձր սկզբունքներից և այդպիսի հավատ էր տածում Միավորված ազգերի, բոլոր մարդկանց ու, հատկապես, աշխարհի երիտասարդության հանդեպ:

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մուն

Այս խորագրի վերջին նյութերը