Մեկնաբանություն

26.11.2013 13:17


Ես իմ «Ապահով Հայաստանի» ի՞նչն եմ սիրում

Ես իմ «Ապահով Հայաստանի» ի՞նչն եմ սիրում

Համատարած ատելություն է տիրում Հայաստանում։

Ուր նայում ես, նույն պատկերն է։ Բժիշկն իր անտարբերությամբ սպանում է հիվանդին, հիվանդի հարազատները ծեծում են բժշկին...

Ուսուցիչը նեղում է նվերի գումարը չբերած աշակերտին, երեխայի ծնողը անանուն նամակներում պահանջում է կարգի հրավիրել «գազանին»...

Տաքսու վարորդը նզովում է թեյավճար չթողած ուղևորին, ուղևորն էլ բորբոքված փորձում է պարզել, թե ինչու 200մ–ով երկարեց սովորական ճանապարհը...

Պաշտոնյան պատվերով գրող լրագրողին անվանում է պոռնիկ, պատվերով գրող լրագրողն էլ համոզված պնդում է, թե «դիշովկեքին» հասնում է...

Տանտերը սպառնում է կտրել գաջ քսողի վիզը, գաջ քսողն էլ դիտավորյալ ավելացնում է պատի ճաքերը...

Արվեստագետներն անիծում են իրենց այդպես էլ չայցելած մուսաներին, մուսաներն էլ թքած ունեն մերօրյա արվեստագետների վրա...

Երգիչները, փնովելով անճաշակությունը, գնում են հարսանիքներում երգելու, նրանց հրավիրողներն էլ նեղսրտում են, թե «էս երկրում մի կարգին երգիչ էլ չի մնացել»...

Քաղաքականության մասին խոսելն էլ իմաստ չունի։ Մի խոսքով, ուր նայում, ես նույն պատկերն է։

Բայց ամենակարևորը՝ երբ փորձում ես պարզել պատճառը, պատասխանն էլ է նույնը. «Մենք ի՞նչ անենք. վերևներից պահանջե՛ք»։ Ստացվում է, որ «գաղջ մթնոլորտի» աղբյուրի տեղը բոլորը գիտեն։ Գիտեն, բայց առայժմ դիմանում են։ Առայժմ…

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը