Տնտեսական

26.11.2013 17:08


Սկսած 2008 թվականից՝ աղքատության մակարդակն աճել է. պաշտոնական վիճակագրություն

Սկսած 2008 թվականից՝ աղքատության մակարդակն աճել է. պաշտոնական վիճակագրություն

Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում ներկայացվել է 2008-2012թթ. Հայաստանի աղքատության պատկերը՝ համաձայն որի՝ սկսած 2008 թվականից՝ աղքատության մակարդակն աճել է: 2008-ի համեմատ՝ 2012թ. ծայրահեղ աղքատության մակարդակն աճել է 1.8 տոկոսով, շատ աղքատներինը՝ 7.1 տոկոսով, ընդհանուր աղքատության մակարդակը՝ 17.4 տոկոսով:

Եթե 2008 թվականին աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ է համարվել 17 հազար 644 դրամը, իսկ աղքատության ստորին ընդհանուր գիծը՝ 24 հազար 388 դրամը, վերին ընդհանուր գիծն էլ՝ 29 հազար 903 դրամը, ապա 2012 թվականին աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ է համարվել 21 հազար 732 դրամը, աղքատության ստորին ընդհանուր գիծը՝ 30 հազար 547 դրամը, աղքատության վերին ընդհանուր գիծը՝ 37 հազար 44 դրամը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2012թ. աղքատ է եղել բնակչության ամեն երրորդը, այսինքն՝ 32.4%–ը, շատ աղքատ՝ 13.5%–ը, ծայրահեղ աղքատ՝ 2.8%–ը:

2012թ. աղքատների թիվը կազմել է մոտ 980 հազար, շատ աղքատներինը՝ 408 հազար, իսկ ծայրահեղ աղքատներինը՝ 85 հազար մարդ:

ԱՎԾ-ն աղքատության մակարդակի աճը պայմանավորում է տնտեսության 14,1% անկմամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը