Լրահոս

26.11.2013 17:18


Տիգրան Սարգսյան. «Գյումրին աշխարհի ամենաբաց քաղաքն է եղել և կմնա»

Տիգրան Սարգսյան. «Գյումրին աշխարհի ամենաբաց քաղաքն է եղել և կմնա»

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Գյումրիում լրագրողների հետ հարցազրույցում ասել է.

«Նախ՝ փակ քաղաքի մասին ասեմ, որ Գյումրին աշխարհի ամենաբաց քաղաքն է եղել եւ կմնա, եւ այդպիսի ծրագրեր չկան Գյումրին փակ քաղաք դարձնելու վերաբերյալ: Ինչ մնում է ՌԴ նախագահի այցելությանը, ապա մենք շատ ուրախ ենք, որ ոչ միայն Երեւան է այցելելու Պուտինը, այլ նաեւ Գյումրի: Եւ երկրորդ՝ դուք միշտ էլ նկատած կլինեք, որ երբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են այցելում Հայաստան, բնականաբար, մենք միջոցառումներ ենք պլանավորում, որպեսզի այդ հանդիպումները բարձր մակարդակով անցնեն, որ մեր հարաբերությունները ընդլայնվեն եւ խորանան, եւ մենք համոզված ենք, որ այդ այցեությունները նպաստում են մեր բարեկամական կապերի ամրապնդմանը: Այս այցելությունն էլ հենց այդպիսին կլինի, դա մեր ժողովրդի շահերից է բխում, նաեւ՝ գյումրեցիների: Այնպես որ, բոլորին ցանկանում եմ լավ տրամադրություն»:

Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ սպասվում է հայ-ռուսական ընդլայնված տնտեսական ֆորում, եւ սպասում են ռուսական ներդրումների:

«Մենք պատրաստվում ենք տնտեսական ֆորումի: ՌԴ-ից այցելելու են տարբեր մարզերի ղեկավարներ, եւ ինչպես որ անցած տարի անցկացրինք, ռեգիոնալ ֆորում ենք անելու: Նպատակն է, որ Ռուսաստանի մարզերը ավելի լավ հնարավորություն ունենան ծանոթանալու մեր մարզերի կարողությունների հետ եւ այս հիմքի վրա մշակեն համատեղ ներդրումային ծրագրեր տարբեր բիզնես-գործունեություն ծավալելու, առեւտրաշրջանառությունը ընդլայնելու եւ նոր աշխատատեղեր հիմնելու: Այնպես որ, սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի հայկական բիզնեսը իր կարողությունները ներկայացնի ռուս գործընկերներին։ Մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից եւ բոլոր կարեւորագույն ծրագրերը ներկայացնենք»:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե որպես եվրոպական արժեքների կողմնակից վարչապետ՝ նա արդյոք ՀՀ քաղաքական ու տնտեսական ապագան տեսնո՞ւմ է այսուհետ Ռուսաստանի կողքին, Տիգրան Սարգսյանը չպատասխանեց եւ ասաց. «Ես արդեն չարաշահում եմ մեր թանկարժեք ժամանակը, այս կարեւորագույն նորությունները պետք է կարողանանք հասցնել հանրությանը: Ուզում եմ, որ դուք մեր բարեմաղթանքները ներկայացնեք եւ այս դրական ինֆորմացիան անպայման հաղորդեք գյումրեցիներին, որովհետեւ նրանք կարիք ունեն դրական տեղեկատվության»:

Մարամասները՝ galatv.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը