Մեկնաբանություն

28.11.2013 15:44


Արևմուտքը կրկնակի պարտություն կրեց Հայաստանում

Արևմուտքը կրկնակի պարտություն կրեց Հայաստանում

Արևմուտքը պատրաստվում էր մեծ շոու կազմակերպել Վիլնյուսում, սակայն ձախողվեց։ Ուկրաինան հրաժարվեց ասոցացման համաձայնագրի ստորագրումից, իսկ Հայաստանը՝ նախաստորագրումից։

Թե ինչու տապալվեց ԵՄ–ն Ուկրաինայի հարցում, այլ պատմություն է։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Արևմուտքը կրկնակի պարտություն կրեց մեզ մոտ, քանզի որոշում էր կայացրել անբարոյական գործելակերպով բարոյական ու համամարդկային արժեքներ քարոզել։

Եվրաչինովնիկները պաշտպանության տակ էին առել Սերժ Սարգսյանին և դարձել նրա իշխանության վերարտադրման ու պահպանման երաշխավորը, որպեսզի նրա ձեռքերով Հայաստանը մանրադրամ դարձնեին Ռուսաստանի դեմ պայքարում։ Այսինքն, ԵՄ–ն ՀՀ քաղաքացիների թիկունքում ճղճիմ գործարք էր կնքել ՀՀԿ ղեկավարի հետ՝ առաջնորդվելով երկակի ստանդարտներով։

Արևմուտքն աչք փակեց ընտրակեղծիքների վրա։ Ավելին՝ դարձավ ընտրակեղծիքների գաղափարական տանիքը։ Արդյունքում իրեն «քցված» է զգում և սեփական դեմքը փրկելու համար գռմռոցներ հանում Պուտինի դեմ։

Արևմուտքի շոկը սեպտեմբերի 3–ից հետո հսկայական էր։ Կրկնակի էր այդ շոկը այն պատճառով, որ Հայաստանում ընդվզում չեղավ Մաքսային միություն մտնելու որոշման դեմ այնպես, ինչպես Ուկրաինայում։

Եվրաօլուխները համոզված էին, որ իրենք այստեղ, բացի Սերժ Սարգսյանից, ունեն նաև արևմտյան արժեքներին անկեղծորեն նվիրված թիմակիցներ՝ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներ, որոնք Սերժ Սարգսյանի գովքով էին զբաղված՝ «Սերժ Սարգսյանը վատն է, բայց «զատո» նա մեզ տանում է դեպի լուսավոր ԵՄ, և այդ իսկ պատճառով մենք նրանք ենք աջակցում» կոդի շրջանակներում։

Թվում էր, թե հայաստանյան «արևմտամետները» (քաղաքական գործիչներ, փորձագետներ, լրատվամիջոցներ) սեպտեմբերի 3–ից հետո պետք է լցվեին Ազատության հրապարակ և տուն չգնային։ Համենայնդեպս, Արևմուտքում համոզված էին, որ այդպես կլինի. չէ՞ որ նրանք, պատկերավոր ասած, կրծքով էին կերակրել «արևմտամետներին»՝ նրանց տարատեսակ գրանտային միջոցներ հատկացնելով (օրինակ՝ Հայաստանում գործող Բաց հասարակության հիմնադրամը՝ Սորոսի հիմնադրամը, առատորեն վարձատրում է «1in.am»–ին, «Lragir.am»–ին և Բաղրամյան 26–ի տակ աշխատող մյուս լրատվամիջոցներին ու փաստացի խրախուսում նրանց սերժամետությունը)։

Սակայն կյանքը ցույց տվեց, որ հայաստանյան «արևմտամետներն» ամբողջությամբ սեփականաշնորհված են իշխանության կողմից և վերջին տարիներին զբաղված են եղել մանր ժուլիկությամբ։

Եվ այսպես, Արևմուտքը «պռավալի» ենթարկվեց և՛ Սերժ Սարգսյանի, և՛ հայաստանյան մյուս «արևմտամետների» հարցում։ Նրանք «քցեցին» հայ ժողովրդին, բայց «քցվեցին» Սերժի ու նրան կցված «արևմտամետների» կողմից։ Ինչպես ասում են՝ հասնո՛ւմ է։

Այս ամենը ԵՄ չինովնիկները շատ ուշ հասկացան ու փորձեցին շտապ կարգով շտկել իրենց սխալը՝ Վիլնյուս հրավիրելով ԲՀԿ–ն ներկայացնող Վարդան Օսկանյանին։

Նախկին արտգործնախարարին Վիլնյուս հրավիրելով՝ ԵՄ–ն ցույց տվեց, որ ինքն էլ հետին խելք ունի։ Կրկնակի «քցվելուց» հետո բոլորն էլ հետին թվով խելացի են դառնում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը