Հարցազրույց

29.07.2009 18:21


Թաթուլ Մանասերյան.

Թաթուլ Մանասերյան.

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ

-Դեռևս ամիսներ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացնում էր, թե կառավարության հակաճգնաժամային ծրագիրը հնարավորություն կտա տնտեսության մեջ խուսափել անցանկալի երևույթներից։ Առաջին 6 ամսվա արդյունքներով Հայաստանում ՀՆԱ-ի անկումը կազմել է 16,3%։ Արդյոք դա չի՞ նշանակում, թե կառավարության հակաճգնաժամային ծրագիրն արդեն իսկ ձախոխվել է։

-Իրականում հիմա դժվար է դրա մասին դատողություններ անել, քանի որ հակաճգնաճամային այդ միջոցառումները, որքանով ես տեղյակ եմ, դեռևս իրագործման  փուլում են։ Ժամանակը ցույց կտա, թե դրանք որքանով կարող են արդյունավետ լինել։ Միանգամից ասեմ, որ այդքան էլ հեշտ չէ, և չի կարելի միանշանակ գնահատականներ տալ հակաճգնաժամային ծրագրին, որովհետև այսօր ունենք օրեցօր փոփոխվող իրավիճակ, որը խիստ տարբերվում է կայուն տնտեսություն ունեցող պետություններից։

-2008թ. վերջին վարչապետը հայտարարեց, թե միջազգային ճգնաժամը էապես չի անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։ Ավելին, նա հավաստիացնում էր, թե ճգնաճամից մենք նույնիսկ կարող ենք օգուտներ քաղել։ Այսօր արդեն Տիգրան Սարգսյանը տնտեսական աննախադեպ անկումը պայմանավորում է միմիայն միջազգային ճգնաժամով։ Ըստ Ձեզ՝ սա ինչի՞ մասին է խոսում։

-Դա երկու բանի մասին է խոսում։ Առաջին՝ խորապես վերլուծված չէր ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տնտեսկան վիճակը։ Երկրորդ՝ սա խոսում է փոփոխվող պայմանների մասին, որոնք տեղիք են տալիս խորհելու, մտահոգվելու, գտնելու իրական պատճառները։ Թեև պետք է ասեմ, որ հակված չեմ մտածելու, թե իրավիճակի խոր ախտաճանաչում կատարվել է։

-Այդ դեպքում ինչպե՞ս կարող է արդյունավետ լինել հակաճգնաժամային ծրագիրը, երբ իրավիճակի խորքային վերլուծություն չի կատարվել։ Նման ձևով շարունակվելու դեպքում ինչի՞ դա կարող է հանգեցնել։

-Որքա՞ն կարող է առկա իրավիճակը շարունակվել. այնքան, քանի դեռ մենք չենք սկսել առաջին քայլից։ Ես դարձյալ ուզում եմ կրկնել, որ չեմ կարծում, թե հիվանդությունը անհրաժեշտ խորությամբ հասկանալու և գնահատելու ախտաճանաչում է եղել։ Եվ դա պետք է արվի պրոֆեսիոնալ բարձր մակարդակով։ Պետք է հասկանալ և՛ արտաքին, և՛ տեղական տնտեսական միտումները։ Իհարկե, կան մարդիկ, այդ թվում և կառավարության ղեկավարը, ովքեր քաջատեղյակ են համաշխարհային և Հայաստանի տնտեսության միտումներին և շատ լավ պատկերացնում են, թե այս ընթացքում ինչ զարգացումներ եղան։ Սակայն ես ձեռնպահ կմայի ասել, թե միայն միջազգային ճգնաժամն է Հայաստանի տնտեսական ձախողումների պատճառը։ Կարծում եմ, որ այստեղ ախտաճանաչումից հետո պետք է հստակ գնահատել սեփական կարողությունները։ Պետք է ասել, որ ոչ միայն Հայաստանի, այլև շատ այլ երկրների համար ճգնաժամը ոչ միայն աղետ է, այլև շանս։ Ես ևս այն կարծիքին եմ, որ անբարենպաստ վիճակից նույնպես կարելի է օգուտներ քաղել։

-Ո՞րն է այդ շանսը։

-Ժամանակին մենք անգամ չէինք կարող հավակնել կամ մտածել, որ կարելի է բարձր տեխնոլոգիաներ, սարքավորումներ ներկրել մրցակից  երկրներից և ընկերություններից։ Իսկ այսօր սնանկացած ընկերությունները պարզապես ուզում են ազատվել իրենց այդ գույքից, որպեսզի օր առաջ փրկեն սեփական կաշին։ Միայն այս փոքր մանրուքը կարող է լուրջ օգուտներ բերել։ Եվ մենք պետք է արտոնություններ տանք ոչ միայն 1 մլն-ի չափով սարքավորումներ ներկրողներին, այլև բոլորին։ Դրանով և՛ կբարձրանա մրցունակությունը, և՛ մակրոտնտեսական էֆեկտը զգալի կլինի՝ անդրադառնալով Հայաստանի ամբողջ տնտեսության վրա։ Այդ դեպքում մենք կկարողանանք ճեղքում արձանագրել։

-Իհարկե, դա շատ լավ կլինի։ Սակայն սնանկանում են ոչ միայն ընկերությունները, այլև պետությունները։ Հայաստանն այսօր իրար հետևից դրսից վարկեր է բերում՝ լուծելու առաջնային նշանակության ներքին խնդիրները։ Որքանո՞վ կարող է մեզ սպառնալ սնանկ պետության կարգավիճակը։

-Ես բավական նորմալ եմ գնահատում դրսից գումարներ ներգրավելը, որովհետև Հայաստանի հետ համադրելի ցանկացած երկիր կարիք ունի դրսից միջոցներ ներգրավելու։ Մենք պարզապես չունենք այդ հնարավորությունը։ Սակայն սա հարցի միայն մի կողմն է։ Այսինքն, այստեղ ես սպառնալիք չեմ տեսնում։ Սպառնալիք տեսնում եմ այդ գումարների արդյունավետ օգտագործման հարցում. որքանո՞վ արդյունավետ կծախսվեն այդ միջոցները, որքանո՞վ թափանցիկ կլինեն կայացվող որոշումները, որքանո՞վ հիմնավոր կլինի որոշումը, թե որ ընկերություններին են տրամադրվելու այդ ռեսուրսները։ Եվ, վերջապես, կարևորագույն մեկ խնդիր. բանկերը, որոնց  ճգնաժամի պայմաններում գերշահույթ ստանալու համար համեմատում են ճարպոտ կատուների հետ, ոչ մի առնչություն չունեն ստեղծված անբարենպաստ իրավիճակի հետ։ Նրանք շարունակում են շահույթներ ստանալ։ Այդ միտումը պետք է զսպվի։ Բանկերը պետք է գործեն որպես պետության գործակալներ, քանի որ նրանց գումարներ արդեն տալիս է պետությունը։ Այստեղ շատ մեծ կարևորություն կա, որը, ցավոք սրտի, այսօր կառավարությունն անտեսում է։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը