Մեկնաբանություն

28.11.2013 17:21


Յանուկովիչ և Սարգսյան. նմանություններ և տարբերություններ

Յանուկովիչ և Սարգսյան. նմանություններ և տարբերություններ

Սկսենք տարբերություններից։

1. Յանուկովիչի ու Սարգսյանի գլխավոր տարբերությունն այն է, որ առաջինը ռեալ ձայներ ունի Ուկրաինայում (այդ երկրի արևելյան հատվածն ամբողջությամբ սատարում է նրան), իսկ ահա Սարգսյանը հանրային հենարան չունի և նախագահի աթոռին է բազմել բացառապես ընտրակեղծիքների օգնությամբ։ Ուկրաինայում էլ են եղել կեղծիքներ, բայց, Հայաստանի համեմատ, մասշտաբների ահռելի տարբերություն կա։

2. Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը ԵՄ–ի հետ բանակցությունները վարում էր բաց։ Ասոցացման համաձայնագրի տեքստը հասանելի էր բոլորին։ Հստակ էր նաև Ուկրաինայի պահանջները ԵՄ–ից։

Սերժ Սարգսյանի մոտ հակառակ պատկերն էր։ Եվրաասոցացումը գովերգում էին տարբեր տրամաչափի պաշտոնյաները և Բաղրամյան 26–ին կցված խաժամուժը, սակայն նրանք հրաժարվում էին բացել փակագծերը և հանրությանը ներկայացնել այն փաստաթուղը, որը պատրաստվում էին նախաստորագրել։

3. Յանուկովիչը Կրեմլի ճնշման տակ հրաժարվեց ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից և հրապարակավ դիմեց Ուկրաինայի ժողովրդին՝ նշելով այն պատճառները, որոնք ստիպեցին իրեն հրաժարվել Վիլնյուսում ԵՄ–ի հետ թուղթ ստորագրելուց։ Ընդ որում, Յանուկովիչը հստակ փաստարկներ ներկայացրեց, թե ինչ տնտեսական հետևանքներից խուսափելու համար է կայացրել այդպիսի որոշում, և չթաքցրեց, որ Մոսկվայից եղել են ճնշումներ։

Մինչդեռ Սերժ Սարգսյանը «գիշերային» որոշում կայացրեց ու մինչև օրս որևէ բացատրություն չտվեց հանրությանը՝ չմոռանալով անընդհատ կրկնել, որ ճնշումներ չեն եղել։

Փաստորեն, ինչպես ասոցացման գործընթացն էր փակ ու գաղտնի, այնպես էլ այդ ասոցացումից հրաժարվելը եղավ։

4. Յանուկովիչը հրաժարվեց ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց, բայց չհայտարարեց, որ 180 աստիճան շրջադարձ է կատարում և մտնում Մաքսային միություն։

Սերժ Սարգսյանը, ռուսների զարմացած հայացքների ներքո, նետվեց Կրեմլի գիրկն ու մտավ ՄՄ։ Մոսկվան էլ, տեսնելով Սարգսյանի ստրկամտությունը, «դաբիվատ» է անում նրան «պո պոլնոյ պռագռամմե»։ Արդյունքում տուժում է Հայաստանը, և վատանում են հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները։ Դրա մեղավորը բացառապես Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունն» է և «արևմտամետությունը»։

5. Յանուկովիչն, Ուկրաինայի շահերից ելնելով, Ռուսաստանի հետ հազար ու մի պայմանավորվածության է եկել ու շարունակում է այդ քաղաքականությունը (գազի գին, ուկրաինական ապրանքների համար մուտք ՌԴ շուկա և այլն)։ Ընդ որում, նույնանման բանակցություններ է նա վարում ԵՄ–ի հետ։ Ասել է թե՝ Ուկրաինայի շահն է դրվում որոշման կայացման հիմքում։

Սարգսյանը ՄՄ մտավ գլխիկոր և առանց նախապայմանների։ Այդ գիծը շարունակվում է։ Սարգսյանը հիմա, Զորի Գայկովիչի ձեռքը բռնած, հասել է մինչև Գյուլիստան ու փորձում է ամեն կերպ քծնել Պուտինին՝ փորձելով բացառապես անձնական խնդիրներ լուծել։

Սրանք էին այն հիմնական տարբերությունները, որոնք թույլ են տալիս Յանուկովիչին ու Սարգսյանին մի արշինով չչափել։

Ինչ վերաբերում է Յանուկովիչի ու Սարգսյանի նմանություններին, ապա երկուսն էլ արևմտյան (համամարդկային) արժեքների կրող չեն և ԵՄ–ի հետ սիլի–բիլի էին անում սեփական իշխանության պահպանման ու երկարաձգման համար։ Պարզապես Յանուկովիչը ձգտում էր անձնականը համադրել պետական շահի հետ, իսկ ահա Սարգսյանի անձնական շահը խոր հակասության մեջ է մտնել հանրային ու պետական շահի հետ։

Մի հետաքրքիր դետալ. Արևմուտքը մինչև վերջ երաշխիք չտվեց Յանուկովիչին իշխանության պահպանման հարցում և պնդեց Տիմոշենկոյի ազատ արձակման հարցը, իսկ ահա Սարգսյանին Արևմուտքն ամեն կերպ աջակցեց և գործնականում նրա հետ միասին տոկոս «խփեց» Հայաստանում։ Եվ կշարունակեր աջակցել մինչև Ղարաբաղի հարցերը լուծելը և ՌԴ–ն շրջանցող ադրբեջանական ու միջինասիական գազի այլընտրանքային խողովակաշարը գործի դնելը, որից հետո նոր «կքցեր» ՀՀԿ ղեկավարին։

Կարող ենք ասել, որ Արևմուտք–Արևելյան գործընկերության երկրներ շփումներն ընթացել են փոխադարձ սրիկայության պայմաններում։ Արդյունքները տեսանելի են։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը