Լրահոս

28.11.2013 21:46


«Լավ աշխատելը հակասում է կառավարության որդեգրած քաղաքականությանը»

«Լավ աշխատելը հակասում է կառավարության որդեգրած քաղաքականությանը»

Այսօր կառավարությունը հերթական անգամ ապացուցել է, թե ինչքան է «մտածում ու անքուն գիշերներ անցկացնում», որպեսզի գոնե ինչ-որ մեկի ինչ-որ մի հոգս թեթևացնի։ Մասնավորապես, ըստ gov.am-ի.
1. Գործադիրը քննարկել է «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի 100 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 50 տոկոսի չափով' ներկայումս գործող 30 տոկոսի փոխարեն: Նիստի մասնակիցներին տեղեկացվել է, որ օրենքի գործողության մոտ ութ ամսվա ընթացքում ոչ մի գործարար չի դիմել նշված արտոնությունից օգտվելու խնդրանքով: Մտքերի փոխանակության ընթացքում դրա պատճառ է համարվել պատշաճ իրազեկվածության բացակայությունը: Այս հիմնավորմամբ կառավարությունը նպատակահարմար չի համարել պատգամավորների առաջարկության ընդունումը:
2. Քննության է առնվել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի' օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առևտրական և արտադրական գործունեությունից ստացվող եկամտի համար շրջանառության հարկի ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչև 2.5 տոկոս: Գտնելով, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման համակարգի հնարավոր վերանայումը պետք է կատարվի համակարգային ձևով, կառավարությունը Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ պատգամավորին հրավիրելու է մասնակցել հարցի քննարկմանը:

Ստացվում է, որ նույնիսկ եթե պատգամավորները կառուցողական առաջարկներով ու օրինագծերով են հանդես գալիս, որով փոքր-ինչ կթեթևացվի փոքր և միջին բիզնեսի տնտեսվարողների հարկային բեռը, ապա կառավարությունում նստած մարդիկ պատրաստ են առնվազն տարօրինակ հիմնավորումներով մերժել կամ գոնե հետաձգել դրանք, միայն թե հանկարծ ժողովրդի համար մի լավ բան չանեն, թե չէ որ մի անգամ անեն, ժողովուրդը էլի կպահանջի, իրենք էլ ստիպված պետք է լավ աշխատեն, իսկ դա, ինչպես վարչապետն է հաճախակի կրկնում, հակասում է կառավարության որդեգրած քաղաքականությանը։

Արման Ասլանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը