ԵՄ–Հայաստան հռչակագրի նախնական տեքստը հայտնի է դարձել
Ուրբաթ օրը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի արդյունքում ստորագրվելիք հռչակագրի նախնական տեքստի Հայաստանին վերաբերող հատվածում, մասնավորապես, շեշտվում է Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների ներկայիս հիմքերը վերանայելու և թարմացնելու անհրաժեշտությունը:
«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշվում է, որ կողմերը «վերահաստատում են իրենց հաստատակամությունը՝ ավելի զարգացնելու և խորացնելու համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»:
Հռչակագրի նախնական տեքստում արտացոլվել է նաև Հայաստանի՝ անսպասելիորեն Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի կնքումից հրաժարվելու հանգամանքը: Փաստաթղթում, մասնավորապես, ասված է․
«Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են յուրաքանչյուր գործընկերոջ սուվերեն իրավունքը՝ ազատորեն ընտրելու Եվրամիության հետ հարաբերությունների իրենց համար ցանկալի մակարդակը և նպատակները»:
ԵՄ–Հայաստան հռչակագրի նախնական տեքստը հայտնի է դարձել