Մեկնաբանություն

30.11.2013 02:53


Կյանքի տևողությունը Վիլնյուսից հետո

Կյանքի տևողությունը Վիլնյուսից հետո

Ավարտվեց վիլնյուսյան գագաթաժողովը, որին մասնակցած Հայաստանի պատվիրակությունը կարծես երկօրյա տուրիստական ճամփորդության էր մեկնել:

Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը, դեմքներին ժպիտ նկարած, երկու օր պտտվեցին, լուսանկարվեցին, առաջինը հասցրեց բարեւել Ալիեւին, երկրորդը՝ համբուրել Էշթոնին (ինչը ԵՄ բարձրաստիճան տիկնոջ համար շատ անսպասելի էր):

Գագաթաժողովին զուգահեռ ընթացող քաղաքացիական հասարակության ֆորումի ընդմիջմանն էլ դուդուկ ու զուռնա հնչեց, իսկ գագաթաժողովի ընթացքում Հայաստանի անունը քչերը լսեցին: Բայց Սարգսյանը Օլանդին տեսավ, Իսպանիայի վարչապետին, «Իշտոյանին» եւ այլոց: Մոտիկից։

Եթե կար մեկը, որ այս գագաթաժողովից սպասելիքներ ուներ, դա Պարույր Հայրիկյանն էր: Այն էլ խեղճ մարդը այսօր միտինգում զայրացած հայտարարեց. «Դա ստորություն էր»:

Հայրիկյանին մինչեւ վերջին պահը չէր լքում հույսը, որ, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը ասոցացման համաձայնագիրը կստորագրի: «Խեղճ Յորի՜կ»: Փաստորեն, նախագահական ընտրություններից հետո Հայրիկյանին պետբյուջեի հաշվին փող են տվել ու մինչև հիմա չեն թողնում, որ այդ մարդը վայելի այդ փողը։

Հ1-ը ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովից ռեպորտաժներ ներկայացնելուց հետո հայտարարեց, թե «Գագաթաժողովի արդյունքների մասին կանդրադառնանք կիրակի օրը»:

Ի՞նչ արդյունքներ: Հայաստանը այդ գագաթաժողովում արդյունքնե՞ր է գրանցել: Եթե Ալիևին ձեռքով բարևելն է արդյունք, ապա ինչպես ասում են «առանց մեկնաբանության»։

Անգամ հռչակագիր չընդունվեց, այլ միայն ձեւական հայտարարություն, որ Եվրամիությունն ու Հայաստանը վերահաստատում են իրենց հաձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը:

Այսինքն՝ երկու կողմերը հանձնառու են զարգացնել համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը…Եվ նման բաներ: Մի խոսքով, ջուր ծեծոցի։

Իսկ համատեղ հայտարարությունն ավարտվում է այսպես. «Եվրոպական միությունն ու Հայաստանը «արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի Գոտու շուրջ բանակցությունները, սակայն, չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ»։

Դե, եթե Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ, ապա ի՞նչն են վերահաստատում եւ Հայաստանն ինչո՞ւ պետք է հանձն առնի կատարել ԵՄ-ի թվարկած ոլորտների զարգացումը:

Բայց Վիլնյուսյան գագաթաժողովում ամենազարմանալի, եթե չասենք՝ ամենազավեշտականը Սերժ Սարգսյանի ելույթի բովանդակությունն էր:

Թվում է՝ նա այդ ելույթը պատրաստել էր դեռ մարտ ամսին, եւ տեքստում ոչինչ չէր փոխել: Մարտին, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ժամանակ վճռական տրամադրությամբ հայտարարեց, թե. «Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ, մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալիս ենք, հետո գնում մյուսին ասում ենք՝ ոչ ձեր մոտ ենք գալիս, այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել»:

Այսինքն՝ ամեն ինչ վճռված է՝ գնում ենք ԵՄ:

Ա՛յ, նույն ոգով էլ իր ելույթն էր։

«Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակելու նոր թափ հաղորդել մեր երկրներում իրականացվող բարեփոխումներին: Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է»- Վիլնյուսում հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Հետաքրքիր է, սեպտեմբերի 3-ից հետո էլ ի՞նչ եվրոպական մոդելով Հայաստանի պետականություն կառուցում, երբ Մաքսային միության մեջ ընդգրկվելու որոշմամբ ԵՄ Ասոցացման գործընթացում կտրուկ շրջադարձ կատարվեց:

Ինչեւէ, մնում է պարզել, թե «այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել» Սարգսյանի նկատառման մեջ «կարճ կյանք» ասվածի տեւողությունը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը