Մեկնաբանություն

01.12.2013 22:49


«Քաղաքական տոնից» դեպի քաղաքականություն

«Քաղաքական տոնից» դեպի քաղաքականություն

Թեև հայաստանյան մամուլը և հասարակական ակտիվ շրջանակները վերջին ամիսներին ակտիվորեն քննարկում էին Վիլնյուսի գագաթաժողովը, այնուհանդերձ, արդեն ակնհայտ է, որ այդ միջոցառումն էական նշանակություն չունեցավ հայաստանյան քաղաքական կյանքում:

Հասկանալի է, որ իշխանահպատակ լրատվամիջոցները փորձում էին բորբոքել «արևմտամետ» կրքեր, բայցև գաղտնիք չէ, որ Վիլնյուսից մնացին միայն Սերժ Սարգսյանի խուճապահար պահվածքը և Ալիևին ափալ-թափալ բարևելը: Ահա սա՛ էր քննարկում հայաստանյան հասարակությունը:

Իհարկե, հայտնվելով Եվրոպայում` Սերժ Սարգսյանը կրկին խոսեց Հայաստանում ընթացող, այսպես կոչված, բարեփոխումներից, խոսքի ազատությունից, ամրապնդված ընտրական համակարգից, կարճ ասած` ժողովրդավարական արժեքներից, որոնք Հայաստանի Հանրապետությունում իրականում չկան: Սակայն, հայաստանցուն վաղուց արդեն չեն հետաքրքրում Սերժ Սարգսյանի հայտնած մտքերը. այլևս ոչ ոք չի կասկածում, որ նա հերթական սուտն է ասելու:

Ի վերջո, Վիլնյուսը բովանդակային առումով ոչ թե քաղաքական իրադարձություն էր, այլ «քաղաքական տոն», քանի որ միայն ծիսական՝ արարողակարգային բնույթ ուներ:

Մեկ էլ` «քաղաքական տոն» է Պուտինի սպասվող այցը Հայաստան:

Չնայած Պուտինի վաղը կայանալիք այցն այս պահին հայաստանյան հասարակության քննարկման առաջնային թեման է, սակայն ակնհայտ է, որ սա ևս քաղաքական տոնակատարություն է՝ շոու:

Հետաքրքիր է, որ այս օրերին մեր մամուլում և սոցիալական կայքերում հաճախ են հանդիպում «օրհնված սհաթ», «ռուս ցար», «բոլշևիկյան իշխանություն», «Ալեքսանդրապոլի պայմանագիր», «ռուսական գուբերնիա» և նման այլ ձևակերպումներ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայաստանյան հասարակությունը Պուտինի այցն ընկալում է իբրև սիմվոլիկ մի բան` տոն կամ էլ սգո արարողություն, ինչը տվյալ դեպքում ֆունկցիոնալ առումով նույն նշանակությունն է ստանում:

Քաղաքական այս տոնն ամբողջանում է հուշարձանի բացմամբ, որը խորհրդանշելու է հայ և ռուս ժողովուրդների բարակամությունը:

Դժվար է հերքել, որ թե՛ Վիլնյուսը, թե՛ սպասվող պուտինյան այցը որևէ առնչություն չունեն իրական քաղաքական գործընթացների հետ: Քանի որ, իրական քաղաքական գործընթացներն ընթացել և արդեն ավարտվել են փակ դռների ետևում՝ գաղտնի ձևաչափով: Այն ինչ մատուցվել և մատուցվում է հասարակության լայն շրջանակներին՝ «գարնիրն» է. ճաշը վաղուց է եփվել և «անուշ» արվել։

Ինչ խոսք, ահագին հետաքրքիր է մասնակցել քաղաքական տոն-ընդվզումներին կամ ռուս ժողովրդի մեծարման միջոցառումներին, բայց միայն որպես հետազոտող՝ դիտորդ: Քանի որ այս երկուսը թեև առաջին հայացքից հակադիր երևույթներ են, բայց բովանդակային առումով նույն նշանակությունն ունեն՝ մեկ քաղաքական տոնի մաս են կազմում:

«Քաղաքական տոնը» վաղը կավարտվի` թողնելով իր հետևում անլուրջ ու անբովանդակ քննարկումներ, որոնք, հավանաբար, մի քանի օր կզբաղեցնեն հայաստանցներին:

Ինչպես յուրաքանչյուր տոնից հետո, այդպես էլ քաղաքական այս տոներից հետո նորից հայաստանցին կվերադառնա առօրյա կյանք, որտեղ նրան կդիմավորեն պարտադիր կենսաթոշակային համակարգը, գազի թանկացումը, սպասվող տրանսպորտային թանկացումները, հարկային ռեկետը, արդարության դեֆիցիտը, ընտրության բացակայությունը և այս ամենից ազատվելու միակ քաղաքական միջոցը` իշխանափոխությունը:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը