Մեկնաբանություն

02.12.2013 00:05


Մեկ անգամ Վիլնյուսում

Մեկ անգամ Վիլնյուսում

Սերժ Սարգսյանն ու իշխանական քարոզչամեքենան անընդհատ կրկնում են՝ Վիլնյուսից հետո կյանքը շարունակվում է։ Փայլո՛ւն ձևակերպում է, խոսք չկա։ Լավ է, որ չեն ասում Վիլնյուսից հետո արևը շարունակում է ծագել արևելքից ու մայր մտնել արևմուտքում, գետերը՝ հոսել սարն ի վար, իսկ ծառերը՝ ծաղկել տարին մեկ անգամ։

Իրոք, որ Վիլնյուսից հետո կյանքը շարունակվում է։ Մանավանդ որ Վիլնյուսում Սերժ Սարգսյանի մոտ այնքան էլ վատ չստացվեց կյանքը։ Ի վերջո ամեն ինչ համեմատության մեջ պետք է գնահատել։

ԵՄ–ի Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում ոչ մի տեսախցիկ և ոչ մի օպերատորական սխալ դիտանկյուն չի ֆիքսել Սերժ Սարգսյանին քնած վիճակում։ Վիլնյուսում նրան չեն տեսել անգամ քնած վիճակում ընթերցելիս կամ քնած վիճակում ելույթ ունեցողներին ուշադիր լսելիս։ Իսկ դա արդեն իսկ առաջընթաց է։ Սերժի արթուն մնալը մեր «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության հերթական ձեռքբերումներից է։

Մինչդեռ շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանը, մասնակցելով Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին, հասցրել էր և՛ քնել, և՛ քնած ընթարցել, և՛ քնած վիճակում ուշադիր լսել սեղանակիցներին։ Եվ այդ ամենը «մութ ուժերի» օպերատորական սխալ դիտանկյան ներքո։

Վիլնյուսում Սարգսյանը թարմ տեսք ուներ։ Նա շարունակ ժպտում էր օտար լեզվով իրար հետ հաղորդկացվող այլ երկրների նախագահներին տեսնելիս։ Դա, անշուշտ, նյարդային ժպիտ էր, բայց ամեն դեպքում ավելի լավ է անկապ ժպտալ, քան «կապված» քնել։

Սարգսյանի նյարդային վիճակն ու սեփական ավելորդության զգացումն էր, թերևս, պատճառը, որ նա Վիլնյուսում Ալիևին տեսնելիս թռավ ու բարևեց նրան, այնպես ինչպես Գյուլի դեմքին էր թռել մերոնց գոլ ուտելուց հետո։

Շատերին է հետաքրքրում, թե ինչու Սերժն այդքան անարժանապատիվ պահեց իրեն և կոտորվելով մոտեցավ Ալիևին բարևելու։ Կարող էր, չէ՞, չտեսնելու տար Ալիևին ու անցներ։ Մանավանդ որ Ադրբեջանն ամեն օր գնդակոծում է ՀՀ և ԼՂՀ սահմանները։ Մի բան է բանակցությունների սեղանին նստելիս բարևելը, իսկ մեկ այլ բան ուրիշ թեմայով գագաթաժողովի ժամանակ կոնկրետ պահվածք ունենալը։

Սա արդեն հոգեբանության ոլորտից է։ Սերժը հազիվ ծանոթ մարդ էր տեսել։ Վիլնյուսում Իլհամը Սերժի համար «զեմլյակի» պես մի բան էր դարձել։

Սերժի վարքագիծը նման էր «խոպան տեղ» ծանոթ մարդ տեսնելուն։ Օտար ամայի վայրերում կամ «խոպանում» անգամ թշնամիդ է հարազատ թվում և սեփական մենակությունդ հաղթահարելու համար կարող ես ջերմորեն բարևել թշնամուդ։ Սերժինը հենց այդ դեպքն էր։ Բացի այդ՝ «մունդառ խասիաթ» է, ի՞նչ կարող ես անել։ Կեվորկովյան «շկոլայից» մնացած խասիաթ։

Ցավալի է, որ նմանատիպ «խասիաթի» տեր մարդը ներկայացնում է Հայաստանը։ Ինչևէ։

Եվ այսպես, կյանքը, Սերժի ասած, Վիլնյուսից հետո շարունակվում է։ Սկսվում է կյանքը Պուտինի այցի ընթացքում։ Դա էլ կմարսենք։ Հետո կսկսվի իսկական կյանքը։

Եթե ՀՀ քաղաքացին իրոք ուզում է նորմալ կյանքով ապրել Վիլնյուսից ու Պուտինի այցից հետո, պետք է դուրս գա հրապարակ ու ցտեսություն ասի բոլոր առումներով տապալված և Հայաստանը հետ շպրտած Սերժ Սարգսյանին՝ իր նեղ շրջապատով հանդերձ։ Այլապես կյանքը կարող է կանգ առնել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը