Իրաքում ապրող եզդիների նկատմամբ նորից վերսկսել են հալածանքները: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մոսուլ քաղաքում տարբեր պայմաններում սպանվել է ավելի քան 8 եզդի: Մոսուլի համալսարանում սովորող եզդի ուսանողները շարունակում են սպառնալիքներ ստանալ: Եզդիներն Իրաքում հալածանքների են ենթարկվում իրենց ազգային կրոնական պատկանելության համար: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը բազմաթիվ անգամ անդրադարձել է այս խնդիրն, սակայն, ցավոք սրտի, շուկայական հարաբերությունների այս դարաշրջանում շատերն անտեսում են այն հալածանքները, որոնք կիրառում են եզդի ժողովրդի նկատմամբ: Մոսուլում բնակվող եզդիներն օգնություն են խնդրում քաղաքակիրթ աշխարհից և ակնկալում են, որ իրենց խնդիրների վրա ուշադրություն կդարձնեն: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը խնդրանքով դիմում է Հայաստանում գործող քաղաքական և հասարակական կազմակերպություններին՝ որևէ կերպ արձագանքել այս խնդրին: Հայ ժողովուրդը մեկ դար առաջ անցել է նույն հալածանքների միջով, որոնց միջով հիմա անցնում են իրաքաբնակ եզդիները, և հիմա կարևոր է, որ մեր եղբայրական ժողովրդի զավակները որևէ կերպ աջակցեն մեզ այս խնդիրը բարձրաձայնելու և լուծելու ճանապարհին: Մենք նաև խնդրում և կոչ ենք անում Հայաստանում գործող լրատվամիջոցներին օգնել բարձրաձայնելու այն անմարդկային իրավիճակը, որում ապրում են եզդիները Իրաքում: Այսօր, ավելի քան երբևէ, բազմաչարչար եզդի ժողովուրդը աջակցության կաիրք ունի:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդ
Եզդիները օգնություն են խնդրում