Մեկնաբանություն

04.12.2013 12:42


Պարտադիր կուտակայինն ու կամավոր օֆշորայինը

Պարտադիր կուտակայինն ու կամավոր օֆշորայինը

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված ամենադիպուկ գնահատականը տվեց ՀՀԿ–ական Հակոբ Հակոբյանը։

«Հանրությունը մե՛զ է դեմ, համակարգին դեմ չէ»,– անկեղծացել էր հանրապետական պատգամավորը։

Ճիշտ է, նա հետո փորձեց ինքն իրեն խմբագրել, բայց բերանից արդեն խոսքը «թռել» էր։ Ըստ Ֆրեյդի՝ դա մատնում է «խոսք թռցնողի» իրական մտքերը։ Փաստորեն, ՀՀԿ–ում մերոնքական ունենք։ Կարծում եմ՝ այդպիսիք շատ կան։ Ինչևէ։

Հ. Հակոբյանը չի սխալվում։ Հանրությունը, իրոք, չի վստահում Սերժ և Տիգրան Սարգսյանի ներկայացրած «բարեշրջումներին» ընդհանրապես և կենսաթոշակային «բարեշրջմանը»՝ մասնավորապես։ Քանզի հանրության տառապանքը փորձ ունի։ Ինչի՞ն վստահի։

Մինչև այժմ Սերժ–Տիգրան զույգն ինչ խոստացել է, հակառակ արդյունքն է ապահովել։ Խոստացել է ՀՆԱ 10% աճ, ստացել ենք 14,4 տոկոսանոց անկում (դոլարային արտահայտմամբ՝ անկումն ավելի քան 30 տոկոս է եղել 2009–ին)։ Խոստացել է միջազգային կենտրոնների ստեղծում և Հայաստանի զարգացում, ստացել ենք ռեգրես՝ աշխարհում վերջից երկրորդն ենք՝ ըստ «Ֆորբսի»։ Խոստացել է ԵՄ–ի հետ ասոցացում, ստացել ենք Մաքսային միություն։ Խոստացել է գների կայունություն, ստացել ենք գնաճ։ Խոստացել է կոռուպցիայի դեմ պայքար, ստացել ենք կոռուպցիայի մեջ թաթախված իշխանական վերնախավ և «ատկատահան» արած պետբյուջե։

Ինչպե՞ս հանրությունն իր փողերը վստահի Սերժ Սարգսյանին և Տիգրան Սարգսյանին, երբ բոլորը տեսան, թե ինչպես է մարսում վարչապետն իր օֆշորային մեքենայությունները։

Քանի դեռ Տիգրան Սարգսյանը պատասխան չի տվել կիպրոսյան իր «վոյաժների» համար, ոչ մի լումա չի կարելի փոխանցել այս իշխանության ստեղծած համակարգերին։ Դա, այսպես ասած, սառույցին գրված փող է լինելու. 20-30 տարի հետո որտե՞ղ են լինելու Սերժն ու Տիգրանը, և որտե՞ղ են լինելու հանրության փողերը։

Պարտադիր կուտակայինը կընդունվի հանրության կողմից այն ժամանակ, երբ, օրինակ, Տիգրանը կամավոր ձևով կպատմի իր օֆշորային արկածների մասին։ Դա կլինի այն նվազագույն քայլը, որը կհամոզի մեզ գոնե մի փոքր հավատալ իշխանության անկեղծությանը և օրինապաշտությանը։ Շատ չէ, մի փոքր։

Մի խոսքով, քանի դեռ իշխանությունը վստահություն չի ներշնչում, իսկ պետության ապագան անորոշ է, պարտադիր կուտակային համակարգը թալանի տարատեսակի է վերածվում՝ պարզ «քցոցիի»։

Թող սկզբում կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնեն ու զուգահեռաբար պարտադիր ձևով քննեն Տիգրան Սարգսյանի օֆշորային գործը և Վերահսկիչ պալատի բացահայտած թալանի մյուս դեպքերը։ Դա այն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը կլինի, որպեսզի մենք՝ ՀՀ աշխատունակ զանգվածս, մտքներիս ծայրով անցկացնենք այսօրվա մեր աշխատած փողերը իշխանության ստեղծած համակարգին վստահելու համար։

Իսկ այժմ կա զրո վստահություն իշխանության հանդեպ։ Հետևաբար, նրանց այսօր փող վստահել, որպեսզի մի 20-30 տարի հետո հետ ստանաս, միամտություն է։ «Քցողների» հոգեբանությամբ՝ կառավարողներին փող չի կարելի տալ։ Եվ ընդհանրապես պետբյուջեն էլ սրանց չի կարելի վստահել։ Եվ ուրեմն, իշխանափոխությունը մնում է քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը։ Դրանից հետո արդեն կմտածենք, թե որը որից հետո անենք։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը