Լրահոս

04.12.2013 13:45


Ցուցարարները շարժվել են դեպի ՀՀ կառավարություն՝ միասնական ամոթ ասելու

Ցուցարարները շարժվել են դեպի ՀՀ կառավարություն՝ միասնական ամոթ ասելու

–Գնում ենք Մարդու իրավունքների գրասենյակ, այնուհետև՝ կառավարություն՝ միասնական ամոթ ասելու կառավարությանը։ Ոտքերով դոփելով, դեմ ասելով՝ գնում ենք առաջ։ Դե՛մ ենք, դե՛մ ենք, ամո՛թ, ամո՛թ,–ՀՀ ԱԺ–ի մոտ հավաքված ցուցարարների արձագանքն այսպիսին է եղել քաղաքական մեծամասնության քվեարկության վերաբերյալ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը դեմ քվեարկեցին ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» ներկայացրած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին հայտարարությանը։

Օրինագծին կողմ քվեարկեց 46, դեմ՝ 54 պատգամավոր։

Քաղաքական մեծամասնությունից որևէ մեկն, իհարկե, չի իջել ԱԺ շենքից և դրսում հավաքված ցուցարարներին չի բացատրել իր քվեարկությունը։ Բողոքի գործողություն իրականացնողներին մոտեցել են միայն ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ 4 խմբակցություններով աշխատանքային խումբ են ստեղծել, և առերևույթ որոշել են դիմել Սահմանադրական դատարան կառավարության ներկայացրած օրենքի հակասահմանադրականությունն ապացուցելու համար։

–Իշխանությունը ևս մեկ անգամ հստակ ցույց տվեց իր դեմքը, որ իրենք գող են, թալանչի են, Հայաստանի բնակչության մասին մտածելու որևէ նպատակ չունեն։ Պատիվ եմ համարում ասելու, որ 4 խմբակցություններն այս օրինագծի հարցում միաձայն են, միակամ և ձեր կողքին կանգնած են մինչև վերջ,–նշել է Ա. Մանուկյանը։

Վաղն էլ հրապարակելու են 4 խմբակցությունների նախաձեռնությանը դեմ քվեարկած պատգամավորների անունները։

–Բոլոր թալանչիների, բոլոր գողերի անունները տպելու ենք, ովքեր դեմ քվեարկեցին այս մարդասիրական, հիմնավորված նախագծին։ Դուք կծանոթանաք այդ ցուցակին և ձեր վերաբերմունքը ձեր թաղերում, ձեր համայնքներում կարտահայտեք, էդ մարդկանց քթին կխփեք։ Թքե՛ք այն մարդկանց ճակատին, ովքեր միայն ու միայն ժողովրդի թալանով են զբաղված։ Ուրիշ գործ նրանց չի հետաքրքրում։ Եվ եթե ուզում եք հասնել արդյունքի, ով մի քայլ նահանջեց, ամո՛թ նրան,–ավելացրել է Ա. Մանուկյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ընդգծել է՝ որևէ մեկը պատրանք չուներ, որ խորհրդարանական մեծամասնությունը կփորձի գոնե մեկ անգամ դրսևորել ողջախոհություն։

–Պարզ էր, որ կար կառավարության տոտալ ճնշումը խորհրդարանական մեծամասնության վրա,–նշել է Ն. Զոհրաբյանը։

Ցուցարարներին խոսքով դիմել է նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հայտարարելով, որ այս քվեարկությամբ մեծամասնությունն արհամարհեց սեփական ժողովրդին.

–Մենք նահանջ չենք արձանագրելու և գնալու ենք առաջ։ Աջակցելու ենք Սահմանադրությամբ սահմանված ցանկացած գործողության՝ կլինի գործադուլ, կլինի ընդվզում։ Մենք ձեզ հետ միասին պետք է դեմ կանգնենք այս արատավոր, ապազգային օրենքին։ Պետք է կարողանանք համախմբվել։ Մենք գնալու ենք մինչև հաղթանակ՝ իրար հետ։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ փոխանցել է ցուցարարների առաջարկը՝ բացի ՍԴ դիմելուց՝ համատեղ հանրահավաք հրավիրել։

Ծրագրվում է նաև քննարկել համազգային գործադուլ հայտարարելու հարցը։

«Գոր–ծա–դուլ», «գոր–ծա–դուլ», «գոր–ծա–դուլ»,–բացականչել են ԱԺ–ի մոտ հավաքված ցուցարարները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը