Լրահոս

05.12.2013 19:46


Արամ Խաչատրյանին նվիրված երեկոները շարունակվելու են

Արամ Խաչատրյանին նվիրված երեկոները շարունակվելու են

Դեկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում օպերային երաժշտության երեկո էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես եկան մեներգիչներ Մարինա Նաչկեբիան (սոպրանո, Վրաստան) և Գրիգոր Վերները (բարիտոն, Ռուսաստան)։ Երեկոյի ընթացքում հնչեցին նախերգանքներ և արիաներ իտալական և ռուսական հանրահայտ օպերաներից։

Գրիգոր Վերները ծնվել է Երևանում, այժմ ապրում է Սանկտ Պետերբուրգում, Մարիինյան թատրոնի մենակատարներից է։ Վերջին անգամ Երևանում եղել է 2002 թվականին, սակայն հայաստանյան հանդիսատեսի համար ելույթ է ունենում առաջին անգամ։ Նա նկատում է, որ հայ երաժիշտների հետ աշխատելը հեշտ է։ «Շատ լավ երաժիշտներ են։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամները շատ երիտասարդ են, բայց նաև՝ տաղանդավոր։ Հաճելի էր նրանց հետ աշխատելը»,- նշեց Գրիգոր Վերները։

Մարինա Նաչկեբիան նշեց, որ այս տարվա ամռանը դարձել է «Ռիկարդո Զանդոնայի» օպերային մրցույթի (Ռիվա դել Գարդա, Իտալիա) երրորդ մրցանակի և «Արամ Խաչատրյան» հատուկ մրցանակի դափնեկիր: Երգչուհին նշեց, որ ուրախ կլիներ կրկին հանդես գալ հայաստանյան հանդիսատեսի առջև։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, անդրադառնալով խաչատրյանական տարվա շրջանակներում երիտասարդական նվագախմբի կատարած աշխատանքներին, նշեց, որ իրենք հասել են նրան, որ աշխարհում մեծ ճանաչում ունեցող մենակատարներ սկսել են կատարել Խաչատրյանի գործերը, մասնավորապես, նրանցից մեկը Եղիսաբեթ թագուհու անվ. ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող, անվանի ջութակահար Անդրեյ Բարանովն է, ով նոյեմբերի 24-ին Մոսկվայում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ներկայացրեց Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ այն երեկոները, որ 2013-ին նվիրվեցին հայ մեծ կոմպոզիտորին, շատ քիչ են, դրանք շարունակվելու են հետագայում ևս։

Նշենք, որ օպերային մեներգիչների հետ համատեղ համերգը տեղի էր ունենում Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում, որը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն Արամ Խաչատրյանի 110-ամյակի առթիվ։

Այս խորագրի վերջին նյութերը