Լրահոս

05.12.2013 13:09


Շարմազանովը մատ է թափ տվել Փաշինյանի վրա. «Էդի՛կ, հանգստացի՛, Էդի՛կ, վա՜յ, Էդիկ» (տեսանյութ)

Շարմազանովը մատ է թափ տվել Փաշինյանի վրա. «Էդի՛կ, հանգստացի՛, Էդի՛կ, վա՜յ, Էդիկ» (տեսանյութ)

Այսօր ՀՀ ԱԺ–ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության Հարցապնդման քվեարկությունից առաջ այդ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմել է ՀՀԿ–ին։

–Դուք էլ եք ընդունում, որ կոռուպցիան մեր երկրի գլխավոր չարիքն է, դե եկեք միասին քայլ անենք այդ չարիքի հաղթահարման ուղղությամբ։

Լևոն Զուրաբյանի կոչին, սակայն, ՀՀԿ–ն չի անսացել։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է. «Անհեթեթություններին չենք կարող իրավական տեսք տալ, մենք դե՛մ ենք քվեարկելու»։

Ու թեև ՀՀԿ–ի դիրքորոշումը Գալուստ Սահակյանն արդեն իսկ հայտնել էր, սակայն վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք է խնդրել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Երբ նա սկսել է բավականին կոպիտ արտահայտություններով «դաս տալ», տեղից միջամտել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. «Բովանդակային քննարկում է իրականացնում»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը թույլ չէր տալիս ընդդիմադիրներին վարման կարգի վերաբերյալ դիրքորոշում արտահայտել՝ պնդելով, թե բովանդակային քննարկում են անում։ Փոխարենը՝ այսօր Շարմազանովի խոսափողը չի անջատել։

«Հարգելի՛ քաղաքական փոքրամասնության մի մաս, ով ներկայացրել է այս հարցապնդումը, այո՛, կոռուպցիան խնդիր է, ախտ, բայց, հիշեցնեմ, որ Վերահսկիչ պալատի հայտնաբերած բոլոր փաստերն Ազգային ժողովը ներկայացրել է Գլխավոր դատախազություն»,–շարունակել է Շարմազանովը։

Սա Ն․ Փաշինյանին է՛լ ավելի է վրդովեցրել։ Նա շարունակել է պնդել, որ ԱԺ փոխնախագահը վարման կարգի վերաբերյալ չի խոսում, ինչն արդեն բորբոքել է Շարմազանովին. նա նյարդայնացած մատ է թափ տվել Փաշինյանի վրա։

Կրքերը փորձել է հանդարտեցնել Հերմինե Նաղդալյանը․ «Էդի՛կ, հանգստացի՛, Էդի՛կ, վա՜յ, Էդիկ»։

Այդ պահին էլ անմիջապես անջատվել են խոսափողները, տեսախցիկները խոշոր պլանով ցուցադրել են միայն Հերմինե Նաղդալյանին, և դահլիճից դուրս գտնվողները զրկվել են Փաշինյանի և Շարմազանովի հետագա գործողությունները տեսնելու հնարավորությունից։

Ի վերջո, Նաղդալյանը հայտարարել է քվեարկության մեկնարի մասին, և ՀԱԿ–ի հարցապնդումը՝ 62 դեմ, 10 կողմ ձայների հարաբերակցությամբ, չի ընդունվել։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, ինչի մասին ՀԱԿ–ի իրենց գործընկերներին նախապես տեղեկացրել էին։

–Մենք որոշ ձևակերպումների հետ վերապահումներ ունենք, բայց նաև ՀԱԿ–ի հետ ունենք պայմանավորվածություն՝ հետագայում միասին աշխատելու այդ փաստթաղթի վրա,–ասել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը