Լրահոս

05.12.2013 13:12


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը

ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ Կիևում անցկացվող նիստի կապակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Թիերի Ռեպանտենը, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը), Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին արդեն ձեռք բերվածի հիման վրա շարունակել համատեղ աշխատանքը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և խաղաղ կարգավորմանը:

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ողջունեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, վերջերս, բարձր մակարդակով երկխոսության վերսկսումը և հույս հայտնեցին, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն խաղաղ կարգավորման գործընթացին: Նրանք կոչ արեցին կողմերին դիտարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը տարածաշրջանում:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվեցին հանդիպել 2014 թվականի սկզբին` Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` նախապատրաստելու համար բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունները:

Նախարարներն նշեցին, որ տարածաշրջանի բնակչությունը ակնկալում է և արժանի է առաջընթացի չափազանց ձգձգված հակամարտության կարգավորման գործընթացում: Նախարարները բարձր գնահատեցին համանախագահող երկրների միջնորդական դերակատարությունը:

Այս խորագրի վերջին նյութերը