Լրահոս

05.12.2013 14:52


Դիլիջանի միջազգային դպրոցը սողանքային գոտում է կառուցվում

Դիլիջանի միջազգային դպրոցը սողանքային գոտում է կառուցվում

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն «Ինժեներ-երկրաբան» ընկերության նախագահ, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանն ասել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը սողանքային գոտում է կառուցվում, ինչի մասին շինարարները մոռացել են։

«Դա սողանքի վրա է գտնվում, երկրաբանները այդ սողանքի մասին տվյալներ ժամանակին չեն տվել, և կառուցվել էր կինեմատոգրաֆի շենքը, հինգ տարի չտևեց, սկսեց քանդվել: Մենք լրացուցիչ միջոցառումներ առաջարկեցինք այս նոր կառուցվող դպրոցի տարածքի համար, իսկ շինարարները չեն անում այն, ինչ նախատեսված է: Միջազգային դպրոց են կառուցում, միլիարդներ են ծախսում, բայց ի՞նչ է լինելու դրա հետ»:

Երկրաբանի խոսքերով՝ Հայաստանն առհասարակ ալպյան գոտում է գտնվում, որը երկրաբանական տեսակետից սողանքային է: Շինարարական աշխատանքներին պետք է նախորդեն հետազոտական աշխատանքները, իսկ այն տարածքները, որոնք հղի են հնարավոր վտանգներով, պետք է կրկնակի ուսումնասիրվեն:

Սողանքային առումով Հայաստանի ամենավտանգավոր հատվածը Կապանն է։ Գորիս տանող ճանապարհի վրա է Քարահունջի խոշոր սողանքը: Սիսիանի սողանքները ձորակներում են, Եղեգնաձորի և Սիսիանի հատվածում է առկա մեծ սողանք, իսկ տակով ջրատար է անցնում: Մտահոգիչ է հատկապես Տաթևի հատվածը, որը, երկրաբանի խոսքերով, պետք է անպայման ուսումնասիրվի։

Երևանում է Սարի թաղի սողանքը, որը մատնված է անուշադրության։

«Շատ խաբուսիկ սողանք է, պետք է ուսումնասիրվի: Հրազդանի, Գետառի, Ջրվեժի ձորերը ևս սողանքներով են: Ողջաբերտից սկսած՝ մինչև Վարդաշեն, վտանգավոր սողանքներ են: Մյուս խոշոր սողանքը Սովետաշենինն է»,- թվարկել է Յադոյանը։

Յադոյանն ասել է, որ իրենց դիմել են՝ խնդրելով թույլ տալ հակասողանքային միջոցառումների գումարի հաշվին այլ բան կառուցել, սակայն իրենք համաձայնություն չեն տվել:

Այս խորագրի վերջին նյութերը