Լրահոս

05.12.2013 15:45


Կառավարության աշխատակազմում ստեղծվում է հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժին

Կառավարության աշխատակազմում ստեղծվում է հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժին

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ և ՀՀ կառավարության աշխատակազմում ստեղծել հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժին: Դրա անհրաժեշտությունը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի 2011թ. արդյունքի մոնիտորինգի առաջին կիսամյակի հաշվետվությունից: Բաժինը կհամալրվի կառավարության աշխատակազմի թափուր հաստիքային միավորների հաշվին` առանց ֆինանսական լրացուցիչ միջոցների ներգրավման: Նույն որոշմամբ աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը վերակազմակերպվել է բաժնի:

Նիստում լրացում է կատարվել կառավարության նախկին որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմում ստեղծվել զորահավաքային նախապատրաստության բաժին: Հաստիքները համալրվում են նախարարության աշխատողների թվաքանակի սահմանում:
Կառավարությունը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին թույլատրել է «Glob Education (GB) LTD» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության հետ մասնակցելու «Հայաստանի բրիտանական բիզնես դպրոց» ՓԲԸ հիմնադրմանը: Վերը նշված ՍՊԸ-ի գործընկերները բրիտանական չորս բուհեր են, որոնցից Քարդիֆի Մետրոպոլիտեն համալսարանը համագործակցելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ: Համատեղ բիզնես դպրոցի մագիստրոսական ծրագիրն իրականացվելու է անգլերեն: Ծրագիրն հաջողությամբ ավարտած ուսանողներին կտրվի Քարդիֆի Մետրոպոլիտեն համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրոսի դիպլոմ:
Կառավարության որոշմամբ Վեդի քաղաքում համապատասխան տարածք է հատկացվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արարատի մարզային բաժնի աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման համար:
Լսողության խնդիր ունեցող անձանց պետական հավաստագիր տրամադրելու միջոցով եվրոպական արտադրության լսողական սարքեր ձեռք բերելու նպատակով կառավարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է 8 մլն դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը