Տնտեսական

06.12.2013 14:01


Արամ Մանուկյան. «Վերջին 3 տարվա մեջ գազը 5 անգամ թանկացել է»

Արամ Մանուկյան. «Վերջին 3 տարվա մեջ գազը 5 անգամ թանկացել է»

ԱԺ ճեպազրույցում Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պնդել է, որ թեև վերջին 3 տարվա մեջ գազը 5 անգամ թանկացել է, սակայն քաղաքացիներին միայն մեկ թանկացման մասին է իշխանությունը տեղեկացրել:

Վեց ամիս տառապեցի, բայց ստացա նաև 2008 թվականին ստորագրված պայմանագիրը։ Եղել է քաղաքական խաղ՝ կապված վերջին խորհրդարանական, նախագահական և քաղաքապետի ընտրությունների հետ։ Դրա համար էլ գործընթացը գաղտնի է պահվել թե՛ Ազգային ժողովից, թե՛ քաղաքացիներից և թե՛ նույնիսկ ՀՀԿ–ից։ 3 տարի պարտք է կուտակվել: Հայկական կողմը ռուսական կողմին խնդրել է՝ պարտքի դիմաց գազը չկտրեն, որպեսզի ընտրությունների ընթացքում սոցիալական բունտ չբարձրանա: «Հայռուսգազարդ»-ի 20%–ը 250 մլն դոլար արժե, բայց ռուսներին տվել են 150 մլն պարտքի դիմաց: Ղումար խաղալու նման է, երբ 50–ռուբլիանոց ժամացույց ունես, ասում են՝ ես 5 ռուբլի եմ գնահատում, և դու պարտավոր ես տալ այն գնով, ինչ գնով քեզ հաղթել են,-ասել է Արամ Մանուկյանը:

Նա բլեֆ է անվանել կառավարության կողմից քաղաքացիներին էժան գազ վաճառելու մասին հայտարարությունները, քանզի, նրա խոսքերով, վճարել ենք ավելի շատ, քան Ռուսաստանի վաճառած գինը:

Պատգամավորը հիշեցրել է Սերժ Սարգսյանի խոսքերը, թե գազի գնի թանկացման մասին տեղեկությունները հերյուրանք են, բայց, փաստորեն, 2013թ. նախագահական ընտրություններից հետո ստորագրված է եղել գազի գինը ապրիլին թանկացնելու մասին պայմանագիրը.

–Ավագանու ընտրություններից 14 օր հետո Տիգրան Սարգսյանը պաշտոնական փաստաթղթով դիմում է գազի գները 270 դարձնելու համար: Բայց գազի գինը թանկացնելու պայմանագիրն արդեն ստորագրված է եղել մարտի 29-ին։ Քանի որ կային Տարոնի ընտրություններ, պետք էր ձգել, որ դրանից հետո Տիգրանը մտներ գինը թանկացնելու համար: Վարչապետը վերջին գրությամբ պաշտոնապես գրել է ռուսական կողմին, որ 30 տոկոս տարբերությունը ինքը պետք է մուծի կառավարության միջոցներից: Չի մուծել, առաջացել է 300 մլն դոլարի պարտքը։ Ռուսական կողմը պայմանագրով իրավունք ուներ և՛ տուգաներ ուշացման համար, և՛ անջատեր գազը: Բայց մերոնք ասել են՝ մի՛ անհանգստացեք, մենք ձեզ տալիք բաներ ունենք, կտանք:

Արամ Մանուկյանը նաև չի բացառել, որ այս տարիներին Հայաստանի կուտակած պարտքի դիմաց ռուսական կողմին տրվեն «Նաիրիտ»-ը և Որոտանի հէկը նույնպես։

–Ամեն ինչ կարող են տալ, միայն թե պահեն իրենց իշխանությունը,- ասել է Ա. Մանուկյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը