Լրահոս

06.12.2013 14:09


«Իրավունք և աջակցություն» հիմնադրամի հայտարարությունը

«Իրավունք և աջակցություն» հիմնադրամի հայտարարությունը

Վերջին տարիներին ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ ձերբակալվում են անհնազանդության, դիմադրության, ոստիկանության պահանջներին չենթարկվելու և այլ, հաճախ շինծու մեղադրանքներով: Նրանցից շատերը նաև ենթարկվում են քրեական հետապնդման և վարչական տույժերի: Նրանցից գանձվում են տուգանքներ, իսկ նրանց սեփականությունը ենթարկվում է կալանքի: Մեր քաղաքացիների նկատմամբ կիրառվող և սաստկացող բռնություններն ու հալածանքները պահանջ են առաջացրել ստեղծելու մշտապես գործող համաքաղաքացիական և համազգային մարմին, որը պատշաճ կերպով կապահովի հալածյալների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը:

ՀՀ-ում առկա ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունները գործում են կամ՝ ընդհանուր ձևաչափով, որտեղ այս սոցիալական խումբը չի առանձնացվում, կամ՝ զբաղվում են այլ սոցիալական խմբերի անձանց իրավունքների պաշտպանությամբ: Այս պատճառով, էապես դժվարանում, իսկ երբեմն` անհնար է դառնում քաղհալածյալների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների արդյունավետ պաշտպանության կազմակերպումը:

Հետևաբար, անհրաժեշտություն է ծագել ստեղծելու վերկուսակցական, համաքաղաքացիական և համազգային մի կառույց, որը մասնագիտացված ու համակարգված կերպով կզբաղվի բռնության և հալածանքների ենթարկվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ ու նրանց համար նյութական աջակցություն կազմակերպելով:

Այս խնդիրը լուծելու համար մենք՝ ՀՀ քաղաքացիներ Սուսաննա Սիմոնյանը, Կարո Եղնուկյանը և Տիգրան Խզմալյանը, ստեղծել ենք «Իրավունք և աջակցություն» հիմնադրամը:

Հիմնադրամը հանդիսանում է ՀՀ-ում քաղբանտարկյալներին, քաղաքական հալածանքների և ճնշումների ենթարկված քաղաքացիներին իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված նախաձեռնություն:

Իրավական օգնություն ցուցաբերող սույն հիմնադրամը նպատակ ունի մասնագիտական և նյութական աջակցություն ապահովել հալածյալ քաղաքացիներին, իսկ նրանց ազատազրկման դեպքում ցուցաբերել օգնություն նաև նրանց ընտանիքների անդամներին:

Հիմնադրամն իր նպատակների համար դիմելու է ՀՀ քաղաքացիների, սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների օգնությանը: Այն հիմնվելու է արդարության, անաչառության և թափանցիկության սկզբունքների վրա` բացառելով գաղափարական և այլ հիմքերով որևէ խտրականություն:

Հիմնադրամը նպատակ ունի դառնալ մեկ համընդհանուր վահան, որն իր պաշտպանության տակ է առնելու և աջակցություն է ցուցաբերելու ցանկացած քաղաքացու ու նրա ընտանիքի անդամի, եթե նրանք քաղաքական շարժառիթով ենթարկվում են բռնության և հալածանքի, կամ՝ տուժել են դրանց հետևանքով: Այդ աջակցությունը ներառելու է, ինչպես փաստաբանական ծառայություններ, այնպես էլ մասնագիտական, նյութական և այլ անհրաժեշտը օժանդակություն հալածյալին և նրա ընտանիքին:

Հիմնադրամը, վերոհիշյալ գործունեությունը իրականացնելու համար ուղիղ կապեր է հաստատելու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային և միջազգային համապատասխան կառույցների և հեղինակավոր ատյանների հետ նրանց աջակցությունը ապահովելու նպատակով:

«Իրավունք և աջակցություն» հիմնադրամ

Այս խորագրի վերջին նյութերը