Մեկնաբանություն

07.12.2013 11:37


Ինքնաասուլիսների մշակույթ Սերժ Սարգսյանից

Ինքնաասուլիսների մշակույթ Սերժ Սարգսյանից

Վերջին ամիսներին Սերժ Սարգսյանը «քաղաքական նոր մշակույթ» է որդեգրել (չշփոթել իշխանական նոր պրոյեկտ Անի Զախարյանի կուսակցության անվան հետ):

Արտաքին քաղաքական գործընթացների մասին եթե նա ինչ-որ բան ունի ասելու, ապա այդ մասին խոսում է ՀՀ գերատեսչությունների աշխատակազմերի հետ անցկացրած խորհրդակցությունների ժամանակ: Նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչները հնչեցնում են նախապես պատրաստած հարցերը, ինչը պետք է Սերժ Սարգսյանին, եւ վերջինս պատասխանում է այդ հարցերին:

Ողջ հասարակության հետ շփումը, ՀՀ քաղաքացիներին իր քայլերի եւ որոշումների մասին բացատրություններ եւ հիմնավորումներ ներկայացնելու, նաեւ արդեն տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ սեփական գնահատականները արտահայտելու համար Սարգսյանն այս ձեւաչափն է ընտրել:

Փաստորեն, նախարարությունների աշխատակազմերի փոքրաթիվ անդամները Սերժ Սարգսյանի համար լրագրողների ֆունկցիան են կատարում։

Սա բարդույթավորված մարդու վարքագիծ է, ով նախընտրում է իր ասելիքը, այն էլ՝ երկրի համար կարեւորագույն հիմնախնդիրներին վերաբերող ասելիքը փոխանցել ոչ թե հասարակությանը, ժողովրդին ընդհանրապես, այլ այցելել այս կամ այն գերատեսչություն, շուրջը հավաքել մի տաս հոգու եւ նրանց առաջ «բացել սիրտը»:

Սովորաբար, պետության եւ ժողովրդի համար մեծ կարեւորություն եւ պատմականորեն առանցքային նշանակություն ունեցող հարցերի մասին պետությունների ղեկավարները իրենց դիրքորոշումները, գնահատականները եւ տեսակետները իրենց հասարակություններին փոխանցում են մամուլի ասուլիսների միջոցով: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը ի սկզբանե մերժել է մամուլի ասուլիսներ հրավիրելու պրակտիկան (6 տարում մի անգամ է հանդիպել ընտրված լրատվամիջոցների ներկայցուցիչների հետ՝ փակ ռեժիմով), հանրությանը մնում է նրա կցկտուր խոսքերը որսալ՝ հետեւելով նախարարություններ կատարած այցերին:

Այդ այցերի սցենարն անփոփոխ է. նախ՝ աշխատակազմերի անդամներն ինչ-որ զեկուցումներով են հանդես գալիս, հետո տվյալ պահի համար անհրաժեշտ հարցն են ուղղում Սարգսյանին, իսկ խորհրդակցության ավարտին վերջինս աշխատակիցներին պարգեւատրում է շնորհակալագրերով:

Ըստ էության, այս ողջ սցենարի մեխը եւ Սարգսյանի այցի գլխավոր նպատակը իրեն ուղղված հարցն է:

Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Սարգսյանը Մշակույթի նախարարությունում խոսեց այդ հանդիպման մասին՝ այն գնահատելով նորմալ։

«Ես Ադրբեջանի Նախագահի մոտ տեսա խնդիր լուծելու ցանկություն, բայց սա բավարար չէ: Նույն ցանկությունն առկա է նաև մեզ մոտ: Ես անձամբ ցանկանում եմ, որպեսզի խնդիրը լուծվի հնարավորինս սեղմ ժամկետներում, բայց թե ի՞նչ պայմաններով է ցանկանում Ադրբեջանի Նախագահը խնդիրը լուծել, և ես ի՞նչ պայմաններով եմ ցանկանում խնդիրը լուծել, ահա ամբողջ հարցը հենց այստեղ է: Բայց նորից եմ ասում՝ հանդիպումը դրական եմ գնահատում»,- մասնավորապես նշեց նա:

Ինչի մասին մինչ այդ ոչինչ չէր ասել:

Իսկ վիլնյուսյան գագաթաժողովից հետո որոշեց դրա արդյուքների մասին խոսել Ֆինանսների նախարարությունում անցկացված խորդրդակցության ժամանակ։

«Շատ նորմալ եմ գնահատում: Հայտարարությունը, որ արվեց, կարծում եմ, դուք էլ եք տեղյակ, և գրեթե բոլորը տեղյակ են՝ շատ նորմալ է, հանգրվանային որոշում է, և մենք շարունակելու ենք բարեփոխումները մեր երկրում: Արևելյան գործընկերության հիմնական նպատակը, առանցքը բարեփոխումներն են կոնկրետ երկրում…Մենք թափ պետք է հաղորդենք այս գործընթացին, և երեկվա հայտարարության մեջ հենց այդ մասին էինք խոսում»,– վիլնյուսյան շրջագայությունից ստացած տպավորությամբ էր կիսվել Սարգսյանը:

Երեկ էլ Սարգսյանը, այցելելով Բնապահպանության նախարարություն, խոսեց Մաքսային միության եւ Պուտինի այցի մասին:

«Ե՛վ հայ-ռուսական հարաբերություններում, և՛ Մաքսային միության հետ կապված՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր, տեսնում եմ լավ հնարավորությունների առկայություն: Իհարկե, Մաքսային միության մասով դեռևս կխոսեմ և հանգամանորեն կանդրադառնամ ապագայում, որովհետև մինչ բանակցությունների ավարտը ես նպատակահարմար չեմ համարում բոլոր առավելությունների և հնարավորությունների մասին խոսել: Կավարտենք բանակցությունները՝ այդ ժամանակ, իրոք, շատ մանրամասն կխոսենք ընձեռնված հնարավորությունների մասին»,- նախարարության աշխատակազմի հետ անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Իսկ ՌԴ նախագահի այցի պահով էլ նկատեց. «Իմ կարծիքով այդ այցը հաստատեց մեր ռազմավարական հարաբերությունների բնույթը: Ունենք պայմանագրեր, որոնք ստորագրվեցին և որոնք դարձան հանրության լայն շրջանակների սեփականությունը: Մենք դրա մասին ենք խոսում: Այցը, ձեռքբերված պայմանավորվածությունները, իրոք, շատ մեծ հնարավորություններ են ստեղծում. հնարավորություններ տնտեսության ոլորտում և շատ ավելի սերտ համագործակցության հնարավորություններ անվտանգության ոլորտում: Տնտեսության մեջ, կարծում եմ, էներգետիկայի ոլորտը, արդյունաբերության, ավելի որոշակի՝ ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության և այլն, պայմանավորվածությունները շատ-շատ են, և հնարավորությունները մեծանում են»։

Ըստ էության, ոչ մի նոր բան չի ասել, պարզապես ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսել է ապառնի ժամանակով: Ինչևէ։

Ինքնաասուլիսների շարքը, թերևս, շարունակելի է։ Սպասենք նոր «պարզաբանումների»։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը