Մեկնաբանություն

07.12.2013 16:28


Շարժումն ու երկրաշարժը

Շարժումն ու երկրաշարժը

Ավերիչ երկրաշարժից անցել է 25 տարի։

Ղարաբաղյան շարժումն ու երկրաշարժը գրեթե միաժամանակ էին։ Շարժման հետևանքն անկախությունն էր և հաղթանակը պատերազմում. փայլուն արդյունք։

Երկրաշարժի հետևանքները դեռ զգացնել են տալիս, ինչը նշանակում է, որ անկախությունն ու հաղթանակը կամաց–կամաց մսխել ենք։ Պատճառն այն է, որ անկախ Հայաստանի կառավարման համակարգում պարբերաբար փոքրիկ երկրաշարժեր են տեղի ունենում։ Գյումրիի «դոմիկները» խորհրդանշում են 88–ի երկրաշարժից հետո տեղի ունեցած այդ փոքրիկ երկրաշարժերը։

Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում պետական կառավարման համակարգում երկրաշարժի ուժգնությունը գերազանցում է 12 բալը. հիմա աղետի գոտի է ամբողջ Հայաստանը։ Էպիկենտրոնը՝ Բաղրամյան 26։

2008–ին մեծ ցնցում տեղի ունեցավ։ Սպանվեց 10 մարդ, նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը։ Հետագայում իշխանության համար պայքարում Սերժ Սարգսյանին այլևս զոհեր պետք չեկան։ Եթե սպանում էին, ապա բացառապես «կենցաղային» հողի վրա՝ «Հարսնաքարում», Լիսկայի տան բակում և այլուր։

2008–ին տեղի ունեցած երկրաշարժը, սակայն, դեռ չի մարել։ Դրան զոհ է գնացել ավելի քան 300 000 մարդ՝ համալրելով Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհը»։

Եթե այսպես շարունակվի, ապա երկրաշարժն աշխարհի քաղաքական քարտեզի վրայից կմաքրի Հայաստանը։ Դա թույլ չտալու համար շարժում է պետք։ Քաղաքակա՛ն շարժում։

Անհրաժեշտ է դեն նետել բոլոր արհեստական օրակարգերն ու կանգնեցնել երկրաշարժը։ Գյումրիի «դոմիկները» միայն այդ դեպքում կվերանան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը