Լրահոս

09.12.2013 11:47


Թայլանդի ընդդիմությունը շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը

Թայլանդի ընդդիմությունը շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թայլանդի վարչապետ Յինգլակ Չինավաթը, երկրում ներքաղաքական լարվածությունը մեղմելու նպատակով, հանդես է եկել խորհրդարանը ցրելու նախաձեռնությամբ։ Արտահերթ ընտրությունները պետք է նշանակվեն 60 օրվա ընթացքում։

Թայլանդի Սահմանադրությամբ՝ խորհրդարանի արձակման իրավունքը պատկանում է թագավորին, սակայն նման առաջարկով նրան դիմելու իրավունք ունի վարչապետը։ Խորհրդարանի արձակումը միաժամանակ ենթադրում է կառավարության ղեկավարի ավտոմատ հրաժարականը, քանզի կառավարությունը ձևավորվում է խորհրդարանում քվեարկության արդյունքների հիման վրա։

rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Թայլանդի ընդդիմությունը խոստացել է Բանգկոկում զանգվածային ցույց անցկացնել երկրի վարչապետի հրաժարականի պահանջով։ Ավելի վաղ Յինգլակ Չինավաթն առաջարկել էր հանրաքվե անցկացնել կառավարության հանդեպ վստահության հարցով։ Նա խոստացել էր հրաժարական տալ, եթե այդպիսին լինի ժողովրդի կամքը։

Երկրի հիմնական ընդդիմադիր կուսակցությունն ամբողջ կազմով դուրս է եկել խորհրդարանի կազմից ընդդեմ կառավարության։ Ընդդիմությունը չի պատրաստվում հրաժարվել դեկտեմբերի 9-ին «խաղաղ հեղափոխություն» անելու ծրագրից։ Այս մասին ասել է ընդդիմության առաջնորդ Սուտեն Թաուգսուբան՝ ընդգծելով, որ իրենց նպատակը խորհրդարանի արձակումը չէ։

Այս խորագրի վերջին նյութերը