Լրահոս

09.12.2013 16:09


Նինա Մարգարյան

Նինա Մարգարյան

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարության կայքում աչքովս ընկան հետևյալ տողերը. «…սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ»:
Շատ լավ տողեր են: Այո՛, անձնվիրաբար ծառայել հայրենիքին նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: Սակայն մեր երկրում վերջերս սա ընդամենը գեղեցիկ տողերի է վերածվել, քանի որ նույն պետության իշխանությունն արդեն վաղուց չի ծառայում պետության գլխավոր նպատակին՝ ՀՀ քաղաքացու անվտանգության ապահովմանը, իսկ քանի որ պետությունը հիմնված է պետության և ժողովրդի միջև երկկողմանի հարաբերությունների վրա, ապա երբ մի կողմն այլևս չի կատարում իր պարտքը, երկրորդ կողմն իրավունք ունի նույնպես չկատարել իր պարտքը, քանի որ պետության, առավել ևս՝ ժողովրդավարական պետության մեջ միակողմանի հարաբերություններն անընդունելի են:
Վերոնշյալ պնդումները հիմնված են այսօր քաղաքագիտության մեջ գերիշխող` պետության պայմանագրային ծագման մասին տեսության վրա, մասնավորապես Ջ. Լոկի մշակած պետության ծագման մասին տեսության վրա, ըստ որի՝ պետությունը ստեղծվել է հասարակական դաշինքի արդյունքում, երբ հասարակությունը դաշինք է կազմել և պայմանավորվել իր լիազորությունների մի մասը փոխանցել պետությանը, որպեսզի վերջինն ապահովի բնական օրենքների և իրավունքների պահպանումը: Ընդ որում, նույնիսկ պետության ստեղծումից հետո ինքնիշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իրավունք ունի ապստամբել իշխանություների դեմ, եթե վերջիններս չեն կատարում իրենց պարտականություններն իր առջև:
Այս տեսությունն արտացոլվում է նաև մեր Սահմանադրության մեջ, որտեղ ամրագրված է. «Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», ինչպես նաև «Հոդված 3. Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»:
Իսկ հաշվի առնելով այն բոլոր վտանգները, որոնք այսօր բերում են մեր երկրի և ժողովորդի գլխին իշխանությունները, այդ թվում՝ տնտեսության քայքայումը, անկայուն արտաքին քաղաքականությունը, արտագաղթի խրախուսումը, բռնությունները սեփական քաղաքացիների նկատմամբ և այլն, ակնհայտ է, որ պետությունն այլևս չի կատարում ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածում ամրագրված պարտավորությունները:
Եվ այստեղ բնական հարց է ծագում՝ եթե պետությունն այլև չի կատարում իր պարտքը ժողովրդի առջև, արդյոք ժողովուրդը պե՞տք է շարունակի կատարել իր պարտքը պետության առջև, և արդյոք նա իրավունք չունի՞ ապստամբել իշխանությունների դեմ:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը